հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրավական փնթիությո՞ւն, թե՞ իշխանության յուրացում. Արարատ Միրզոյանը լինելով ԱԺ նախագահ, եղել է նաև փոխվարչապետի պաշտոնակատար

Իրավական փնթիությո՞ւն, թե՞ իշխանության յուրացում. Արարատ Միրզոյանը լինելով ԱԺ նախագահ, եղել է նաև փոխվարչապետի պաշտոնակատար

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը միաժամանակ շարունակել է պաշտոնավարել նաև ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում և նրան այդ պաշտոնից ազատել իրավական ակտ գոյություն չունի, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հրապարակումներին առ այն, որ Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել, և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար:

Մելոյանը ներկայացրեց, որ Սահմանադրության կարգավորումներով կառավարությունը վարչապետի հրաժարականից հետո անմիջապես հրաժարական է ներկայացնում ՀՀ նախագահին: Այսպես, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից, իսկ նույն օրը ՀՀ նախագահը, ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածով սահմանված կարգով,  ընդունել է կառավարության հրաժարականը։ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչև նոր կառավարության կազմավորումը։ Ավելին, խորհրդարանական ընտրություններից հետո ևս փոխվարչապետի պաշտոնը դադարեցնելու մասին հրամանագիր չի եղել:

Նշենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում կատարված փոփոխություններով վերացվեց միայն այս տարվա մայիսին՝ այսինքն՝ Ազգային ժողովի ձևավորումից հինգ ամիս անց:

«Այս հիմքով մեխանիկորեն բոլոր պաշտոնյաները՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, պաշտոնակատարի ձևաչափով են իրենց լիազորությունն իրականացվում: Իսկ հիմա ստացվում է, որ լինելով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, դառնում է ԱԺ պատգամավոր, այնուհետև՝ ԱԺ նախագահ, խախտել է անհամատեղելիության պահանջը: Այս պարագայում պետք է որևէ կերպ նրա՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար լինելու հանգամանքը դադարեցվեր», -նշեց Մելոյանը:

Նրա խոսքով, իրավապահ մարմինները պետք է հստակ պարզաբանում ներկայացնեն, ընթացք տան այդ հրապարակմանը ու ուսումնասիրեն դրանում տեղ գտած հանգամանքները:

Մեր հարցին, թե արդյոք մասնագետը իշխանության յուրացման հանցակա՞զմ է, Մելոյանը պատասխանեց. «Այս դեպքը շատ մոտ է իշխանության յուրացման հանցակազմին, քան իրավապահների կողմից փորձ է արվում իշխանության յուրացման հանցակազմ վերագրել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակին»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք իշխանության յուրացման միտո՞ւմ է տեսնում, թե՞ սխալմունք, Գոհար Մելոյանը արձագանքեց. «Անկեղծ ասած իմ մեկնաբանմամբ անփութության արդյունք է, բայց իրավապահները ավելի ճշգրիտ մեկնաբանություն կտան: Ես կարծում եմ, որ սա իրավական որոշակի փնթիության հետևանք կարող է լինել: Չեմ կարող ասել, որ հատուկ միտում է եղել երկու պաշտոն զբաղեցնել: Իրավական փնթիության արդյունք է, որը կարող է հետևանքներ ունենալ»:

Ի դեպ, Ազգային ժողովի իշխանական պատգամավորները չեն մեկնաբանում հրապարակումը, իսկ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը մեր հեռախոսազանգն անպատասխան է թողել: Նշենք, որ ԱԺ նախագահը մամուլի խոսնակ չունի:

Փորձեցինք հարցի պատասխանը ստանալ կառավարությունից, մեզ խնդրեցին գրավոր հարցում անել։

  • Կիսվել: