չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրավաբանի դիպլոմով ԱԺ նախագահը չգիտի, թե անշարժ գույքի գործարքը որտեղ կնքել ու որտեղ վավերացնել․ Իոաննիսյան

Իրավաբանի դիպլոմով ԱԺ նախագահը չգիտի, թե անշարժ գույքի գործարքը որտեղ կնքել ու որտեղ վավերացնել․ Իոաննիսյան

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը նոտարական պայմանագիր է հրապարակում, որ բնակարանը 2016-ին վաճառել է, իսկ «Փաստերի ստուգման հարթակը» Կադաստրից ստացված 2021 թվականի տեղեկանք է հրապարակում, որ բնակարանը Ալեն Սիմոնյանինն է: Հիմա ո՞ւմն է բնակարանը և ո՞վ է ճիշտ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական գրանցման ենթակա, բայց պետական գրանցում չստացած գործարքն առոչինչ է։ Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման։

Այսինքն, եթե անշարժ գույքի առուվաճառքի գործարքը չի գրանցվել Կադաստրի կոմիտեում, ապա այդ գործարքը առ ոչինչ է։ Եվ հենց սա է պատճառը, որ Կադաստրը տեղեկանք է տվել, որ Աբովյան փողոցի խնդրո առարկա բնակարանը իրոք Ալեն Սիմոնյանինն է:

Այսինքն, Ալեն Սիմոնյանը իրոք առ այսօր Աբովյան փողոցի 62 շենքի 6-րդ բնակարանի համասեփականատեր է, թեև 2016 թվականին դրա առուվաճառքի նոտարական գործարք է կնքել:

Պարզապես, երևի Ալեն Սիմոնյանը ու բնակարանի գնորդը 2016 թվականին չգիտեին, որ պետք է Կադաստր գնային, ինչի արդյունքում, առանց հասկանալու, առ ոչինչ են դարձրել նոտարի մոտ կնքված գործարքը:

Ուրիշ հարց է, թե որքանով Ալեն Սիմոնյանը գիտեր, որ այդ բնակարանը դեռ իր անունով է (որ հայտարարագրեր այն): Չգիտեմ, բայց եթե մեր երկրում իրավաբանի դիպլոմով ԱԺ նախագահը չգիտի, թե անշարժ գույքի գործարքը որտեղ կնքել ու որտեղ վավերացնել և, ըստ այդմ, չգիտի, որ մի ամբողջ բնակարան դեռ դե-յուրե իրենն է… Ի՞նչ ասեմ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակը» գրել էր, որ 2019 թվականին այն ժամանակ դեռևս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կեղծ տվյալներ էր ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրում։ Դրանից հետո Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել և կիրառվել վարչական տույժ՝ նախազգուշացում։ Այս թեմային կրկին անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»՝ ներկայացնելով  սեփական հետաքննությունը, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է թերի հայտարարագրեր ներկայացնելու պրակտիկան։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ ԱԺ նախագահն ու նրա կինը շարունակել են թաքցնել իրենց պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։

Ալեն Սիմոնյանի թաքցրած գույքը

Այսպես, 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել էր նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը։ Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը։

Մինչ օրս Սիմոնյանը ներկայացրել է գույքի և եկամուտների 4 հայտարարագիր։ Եվ չնայած նա դեռևս համարվում է Աբովյան 62 հասցեում գտնվող անշարժ գույքի համասեփականատեր, Սիմոնյանի և ոչ մի հայտարարագրում դրա վերաբերյալ որևէ հիշատակում չկա։

2019 թվականի մայիսին Ալեն Սիմոնյանը վաճառել է Եկմալյան 1/1 հասցեում գտնվող բնակարանը։ 2017 թ․-ին ընդամենը 22 մլն դրամով գնված այս 77․97 քմ մակերեսով բնակարանը Սիմոնյանը երկու տարի անց վաճառել է 125 մլն֊ով։ Նույն թվականին Սիմոնյանը նույն շենքում գնել է մեկ այլ՝ շատ ավելի ընդարձակ, 143,23 քմ մակերեսով բնակարան՝ 114 մլն դրամով։ Սիմոնյանն այս գույքը հայտարարագրել է որպես համատեղ սեփականություն, մինչդեռ բնակարանը, կադաստրային փաստաթղթերի համաձայն, պատկանում է միայն իրեն, և որևէ այլ անձ այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք չունի։

Սեպտեմբերին Սիմոնյանն իր բնակարանը գրավադրել է «Հայէկոնոմբանկում»՝ 25 մլն դրամով։ Ուշագրավ է, որ անկախ գնահատողն այդ բնակարանը գնահատել է 131․7 մլն դրամ, այնինչ ընդամենը մեկ ամիս առաջ այն գնվել էր 114 մլն֊ով։

Հետաքրքիր զուգադիպությամբ, գրավադրումից մոտ 10 օր առաջ Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, ստեղծում է «Էֆէմէֆ գրուպ» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ։ Թե կոնկրետ ի՞նչ է դա՝ դժվար է ասել, քանի որ բաց աղբյուրներում այս ընկերության վերաբերյալ տվյալներ գրեթե չկան։

Սիմոնյանի կնոջ թերի հայտարարագիրը

Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերում ևս ամեն ինչ չէ, որ ներկայացված է։ Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մարգարյանը չի ներկայացրել ամուսնու՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի և եկամուտների հայտարարագիրը, թեև հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ վերջինս պարտավոր էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրեն պատկանող գույքի և եկամուտների հայտարարագիրը։

  • Կիսվել: