Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ 3 տասնյակ քաղաքացի. ԱԳՆ-ն ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն
Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
«2025 թ. հունիսի 13-ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։ Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում։
Այսպես, հավանաբար արդեն տեղյակ եք հնդիկ ուսանողների տարհանման մասին, որն իրականացվեց համաձայն երկու երկրների ԱԳ նախարարների պայմանավորվածության: Տարհանման հարցում արագ արձագանք և որոշակի աջակցություն է ցուցաբերվել նաև Ղազախստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Զիմբաբվեի, Նիգերիայի, Սիերա Լեոնի քաղաքացիներին: ՀՀ սահմանով տեղափոխվել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Լիբանանի և այլն: Աջակցության խնդրանքներ կան նաև այլ պետություններից»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։