երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Իրանի շուրջ էսկալացիայի ֆոնին Ռուսաստանը խորհրդակցելու է Հայաստանի հետ. դիվանագետ

Իրանի շուրջ էսկալացիայի ֆոնին Ռուսաստանը խորհրդակցելու է Հայաստանի հետ. դիվանագետ

Ռուսական կողմը խորհրդակցելու է Հայաստանի ղեկավարության հետ՝ իրանա-իսրայելական լարվածության հետ կապված ռիսկերը համատեղ չեզոքացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական– դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կազմակերպած գիտական ​​կոնֆերանսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ խորհրդակցություններն անցկացվելու են առկա մեխանիզմների վրա հիմնվելով։
 
«Հնարավոր է՝ քննարկվեն որոշ համատեղ գործողություններ՝ այս լարվածության հոսքը դադարեցնելու և հնարավոր հետևանքներին հակազդելու համար։ Տարածաշրջանային մակարդակով շփումների անհրաժեշտություն կա, այդ թվում՝«3+3» ձևաչափով։ Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել, քանի որ անհնար է անաչառորեն նայել, թե որքան անխոհեմ են գործում հավաքական Արևմուտքի լոկոմոտիվ երկրները», – հավելել է Լիցկայը։
Ընդհանուր առմամբ, իրանա-իսրայելական լարվածությունը, նրա կարծիքով, հղի է հետևանքներով Հարավային Կովկասի երկրների համար, և Ռուսաստանը ամեն ինչ կանի տարածաշրջանի երկրները պաշտպանելու համար։
Լիցկայի խոսքով՝ էսկալացիայի օջախի առաջացումը և նման ձևով այն զարգացնելը ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որն առանց այդ էլ բավականին փխրուն է։
 
«Սրացումը հարվածում է տնտեսական նախագծերին, տարանցիկ միջանցքներին, ենթադրում է փախստականների հոսք և ընդհանուր առմամբ ապակայունացում է հրահրում։ Հնարավոր է՝ հարվածների փոխանակման ընթացքում որոշակի հետևանքներ կարող են լինել նաև Հարավային Կովկասի՝ Իրանին սահմանակից երկրների համար։ Այս ամենը դեստրուկցիայի ներուժ է կուտակում։ Եվ Ռուսաստանը, որպես տարածաշրջանային գործընթացների պատասխանատու մասնակից, ամեն բան կանի տարածաշրջանի երկրները հնարավորինս պաշտպանելու համար», – հավելել է նա։

  • Կիսվել: