շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի աջակցությամբ իրականացվող «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծն իր շուրջ է հավաքել արվեստասերներին

Իրանի աջակցությամբ իրականացվող «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծն իր շուրջ է հավաքել արվեստասերներին

Գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի, ինչպես նաև շրջակա բնակավայրերի ցանկացողների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն տևել է հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը:

«Մեր կենտրոնը շատ մասնաճյուղեր ունի Երևանից դուրս: Մեղրի քաղաքի Գեղագիտության ազգային կենտրոնի մասնաճյուղում կարճաժամկետ ձևաչափով բացվել էին լուսանկարչության, ֆիլմարտադրության, գեղարվեստական տպագրության, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության և գրականության արվեստանոցներ, որտեղ Երևանից ժամանած մասնագետները ներկայացրել են իրենց մասնագիտական աշխատարաններով: Այս նախագծի համար որպես առաջին կետ ընտրել ենք Մեղրին՝ կարևորելով այդ համայնքի սահմանային իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը:

Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում Մեղրիում է գտնվել կենտրոնի 6 մասնագետ, ովքեր 18 օրում ցանկացողներին փոխանցել են իրենց գիտելիքները: Նախագծի արդյունքում ստեղծվել է 7 ճարտարապետական նախագիծ, 80-ից ավելի գրաֆիկական դիզայնի, 25 գրաֆիկական տպագրության և 73 լուսանկարչական աշխատանք, 5 վավերագրական կարճամետրաժ ֆիլմ: Նախագծի շրջանակում հիմնվել է նաև շապիկների և պայուսակների արտադրություն, գործարկվել «Մեղրագիր» գրական բլոգը, իսկ գրաֆիկական դիզայնի աշխատարանի մասնակցներն էլ ստեղծել են Մեղրի քաղաքի տարբերանշանը:

«Մեր նպատակն էր Մեղրի տանել արվեստի այնպիսի ճյուղեր, որոնք չեն եղել մինչ այդ այնտեղ: Մասնակիցները շատ են եղել՝ շուրջ 150 հոգի: Ամենափոքրը եղել է 10 տարեկան, իսկ ամենատարեցը՝ 65: Վերջինս գրական աշխատանքով է զբաղվել ու գրաֆիկական տպագրությամբ: Գրական աշխատանքի շրջանակում սովորել են տեքստի հետ գրագետ աշխատել՝ սցենարներ, հեքիաթներ գրել: Մասնակիցները եղել են Մեղրի, Ագարակից քաղաքներից, Շվանիձոր գյուղից և այլ հարակից համայնքներից»,- ասաց Բադալյանը:

«Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը առաջինն է եղել, երկրորդը նախատեսվում է Գորիս քաղաքում իրականացնել:

Նախագծին աջակցել  է նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնը: Բադալյանն ասաց, որ շուտով նախատեսում են Մեղրիում իրանական ֆիլմերի փառատոն:

«Մենք դեսպանատան կողմից պրոյեկտոր, ձայնային համակարգ և էկրան ենք ստացել, որոնք օգտագործվել են ֆիլմերի ստեղծման ժամանակ»,- նկատեց Բադալյանը:

ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային նշեց, որ իրենք շատ են կարևորում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես Մեղրիում:

«Բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացվում են մեր երկրներում ու կարող են ավելի ամրապնդել ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև եղած հարաբերությունները՝ մենք կարևորում ենք: Առաջարկը ստանալուն պես համաձայնել ենք համագործակցել և աջակցել: Մենք փորձեցինք օգտակար լինել այն բանին, որ այդ կենտրոնը զարգանա ու վերածվի հայ-իրանական բարեկամության կենտրոնի»,- ընդգծեց Թաբաթաբային:

Նա հավելեց, որ համաձայնություններ են ձեռք բերվել հայ-իրանական բարեկամական միությունների հետ:  Հայաստանի հետ սահմանակից իրանական նահանգների այդ կառույցներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել ՀՀ և ԻԻՀ մշակութային կյանքում:

  • Կիսվել: