հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանցիները գիտակցում են՝ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն nւժի լեզուն․ Վարդան Ոսկանյան

Իրանցիները գիտակցում են՝ Մերձավոր Արևելքում հասկանում են միայն nւժի լեզուն․ Վարդան Ոսկանյան

Իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մեկնաբանելով Իրանի հարձակումն Իսրայելի վրա:

«Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան  սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։

Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։

Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար»,- գրել է նա։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

Մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակ գործողություն է իրականացրել և որ այն Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության ռմբակոծման մասշտաբով էր: 

«Մենք սահմանափակեցինք այս գործողությունը հնարավորությունների այն մասով, որն օգտագործեց սիոնիստական ռեժիմը մեր հյուպատոսության վրա հարձակվելու համար։ Այս գործողությունը սպասվածից ավելի հաջող էր: Հրթիռների խոցման մասին տեղեկատվությունը դեռ ամբողջական չէ, սակայն որոշ հարվածներ ցույց են տալիս, որ այս գործողությունը սպասվածից ավելի հաջող է անցել, և օկուպացված տարածքներում բնակվող ժողովուրդը, սիոնիստական իշխանությունները, ահաբեկչական սիոնիստական բանակը և Ամերիկան լավ ճանաչեցին և գիտակցեցին այդ հարվածների ջախջախիչ հետևանքները», - ասել է նա:

  • Կիսվել: