Իրականությանը չի համապատասխանում. վարչապետի խորհրդականը՝ Սյունիքում իր՝ դե ֆակտո մարզպետ լինելու վերաբերյալ լուրերի մասին
Այլընտրանքային ճանապարհը շատ հեռու է լիարժեք լինելուց, բայց ինտենսիվ աշխատանքներ էին գնում։ Այս մասին hraparak.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը շուրջ 1 տարի է, կարելի է ասել՝ տեղափոխվել է Սյունիքի մարզ եւ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի համարում ունի։
Խոսելով այն մասին, թե ինչպես է կյանքը հիմա Սյունիքի՝ շրջափակման մեջ հայտնված բնակավայրերում՝ Շուռնուխում, Որոտանում, Բարձրավանում՝ Ղուկասյանն ասաց, որ ինքն այժմ ավելի շատ Ծավի թեւի 6 բնակավայրերում է լինում, տեղյակ է, որ սկսված օրից մինչեւ հիմա հացը տարվում-տրամադրվում է, ճանապարհների հետ էլ աշխատում են, ճանապարհներն են բարեկարգում։
Նրա խոսքով՝ իրեն այնտեղ բոլորն էլ ճանաչում են. ՛՛Դեռեւս հատուկ ինչ-որ խնդրով չեն զանգել մարդիկ, բայց, ինչ խոսք, բազմաթիվ խնդիրներ կլինեն, որովհետեւ գիտեմ, որ վերջնական ավարտված չեն ճանապարհները, եւ այդտեղ պետք է որ խնդիրներ լինեն՛՛,-նշել է Ղուկասյանը։
Նա անդրադարձել է նաեւ հարցին, թե նշված համայնքներում բնակիչները կարողանո՞ւմ են համայնքից դուրս գալ, այլ համայնքներ գնալ, եւ առհաարակ՝ ի՞նչ ճանապարհներ կան։
Ղուկասյանն ասել է, որ գործում է Շուռնուխ-Տանձավերը. ՛՛Շուռնուխից դեպի Քաշունիով այդ ճանապարհն է, աշխատում են այնտեղ, նաեւ Շուռնուխից Որոտանով Խոտ գյուղը տանող ճանապարհը կա, Բարձրավանից էլ դեպի Տանձավեր գնացող ճանապարհը կա։ Ես մի 3 օր առաջ եմ այնտեղ եղել, տեխնիկան աշխատում էր, վարչական ղեկավարների հետ միշտ կապի մեջ եմ, գիտեմ, որ ինտենսիվ կառուցվում են ճանապարհները, մնացած բոլոր տեսակի խնդիրները, որ զանգում-բարձրաձայնում են, փորձում եմ դրանց օպերատիվ լուծումներ տալ։ Եթե չեմ սխալվում, այնտեղ «ՈւԱԶ» մեքենաներ էլ են տրամադրվել, եւ նաեւ 2 «ԿամԱԶ»-ներ կան, որ հրատապ դեպքերում օգնում են։ Այլ բան այս 3 գյուղերում գոնե ինձ չեն ասել վարչական ղեկավարները։ Իսկ մնացածը, բնական է, կյանքն այս պահին ավելի դժվարացել է՛՛,-վստահեցրել է նա։
Վարչապետի խորհրդականն ասել է, որ իրեն բնակիչները չեն դիմում ՛՛միջանցքի՛՛ հետ կապված մտահոգություններով, որովհետեւ ինքը հունվարի 4-ից է այդտեղ, եւ բնակիչներն առանց այդ էլ գիտեն, որ իր առաքելությունն իրենց հնարավորինս օգնելն է: ՛՛Ես գիտեմ, որ «միջանցք» բառը նույնիսկ չի ընդունվում հայկական կողմից, մնացածն իրավասու մարդիկ պետք է պատասխանեն, կոմպետենտության խնդիր է՛՛,-ասել է Ղուկասյանը:
Հստակեցնելով, թե հատկապես որո՛նք են իր անելիքներն ու ի՛նչ առաքելություն ունի ինքը Սյունիքում՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն ասել է. ՛՛Հրատապ խնդիրները, սոցիալ-տնտեսական, նաեւ անվտանգային որոշ խնդիրներ կան, որոնք միջգերատեսչականով են անում, բնականաբար, հիմնական գործառույթները նախարարություններն են անում, բայց հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ ստանում են լուծումներ։ Խոսքը չի վերաբերում հիմնական գործառույթներին, բայց տարբեր ոլորտներում լինում են հրատապ դեպքեր, որոնց մենք արագ արձագանքում ենք եւ լուծումներ ենք տալիս։ Խնդիրները, որոնք ի հայտ են գալիս, փորձում եմ տեղում միջգերատեսչականի շրջանակներում լուծել, իսկ որպես մարդ՝ գրեթե միշտ այնտեղ եմ, ժամանակի գրեթե 98 տոկոսն այնտեղ եմ, որովհետեւ կարծում եմ, որ ճիշտը հենց այդ տարբերակն է՝ մնալ այնտեղ եւ փորձել տեղում խնդիրները լուծել եւ համակարգել որոշ խնդիրներ։ Բազմաթիվ ծրագրեր առաջ ենք տանում, ինչքան հնարավոր է՝ ժամանակի մեջ փորձում ենք խնդիրներին լուծումներ տալ՛՛։
Նա անդրադարձել է նաեւ շրջանառվող այն տեղեկությանը, իբրեւ թե համայնքներին տրվող դրամական միջոցներն ինքն է բաշխում, ինքն է որոշում, թե որ համայնքում ինչ չափի օգնություն տրվի։
Այս առնչությամբ Ղուկասյանը նշել է. ՛՛Դրամական օգնություն համայնքներին միջգերատեսչականով չի եղել, չկա, եւ չեմ կարծում, որ կլինի։ Դա բացառված է։ Կա ընդամենը 2 դեպք, ուղղակի անունները չեմ տա, 1-ը կապված է երեխայի հետ, երեխան առողջական խնդիրներ ուներ, այդտեղ է մեկ ընտանիքին գումար տրվել, եւ մեկը տունը կորցրել էր, եւ երեխաների ուսման վարձի հետ կապված հրատապ խնդիր է եղել, դա ենք արել։ Հիմա ծրագրեր ենք իրականացնում, դրանք թե՛ զարգացման կենտրոններ են, թե՛ գյուղատնտեսական ոլորտի տարբեր ծրագրեր են, բայց բացառված է, որ բնակիչներին գումար հատկացվի։ Իհարկե, խոսքը չի վերաբերում նրան, որ, օրինակ, անասունն անցնում է հակառակորդի կողմը եւ չի վերադառնում, փոխհատուցումներ են տրամադրվում։ Բնականաբար, դա աջակցության հետ կապ չունի, նույնը՝ Շուռնուխում․ տները կորցրած մարդկանց ամսական վճարներ կան։ Համացանցում շատ են ասում, որ գումար է բաժանվել, նպաստներ կան․․․, դա բացառված է, չկա նման բան՛՛։
Շարունակելով Սյունիքում իր գործառույթների մասին թեման՝ Ղուկասյանն անդրադարձել է նաեւ տարածված տեսակետին, համաձայն որի՝ մարզում մեկ տարի է՝ դե ֆակտո մարզպետն ինքն է, ինքն է որոշումներ կայացնում:
Ղուկասյանը չի ցանկացել մեկնաբանել՝ մասնավորապես նշելով. ՛՛Եկեք ես չմեկնաբանեմ, էլի, որովհետեւ դա իրականությանը, բնականաբար, չի համապատասխանում, ես ոչ միայն որպես վարչապետի խորհրդական, այլեւ որպես մարդ, որը շատ լավ հասկանում է խնդիրները, ամեն ինչ անում եմ, որպեսզի օգնեմ մարդկանց։ Չգիտեմ նույնիսկ, թե ինչպես արձագանքեմ։ Այդ խոսակցություններն ինձ համար անլուրջ բան են՛՛։