ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրականացվել են աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը միտված ծրագրեր

Իրականացվել են աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը միտված ծրագրեր

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, ծնողների մասնագիտական իրազեկում, ինչպես նաև հասարակության մեջ երեխաների ինտեգրման և սոցիալականացման համար անհրաժեշտ ծրագրերի ներդրում՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված մեթոդներն ու լավագույն միջազգային փորձը։

Մասնավորապես, ծրագրում ընդգրկված 1-14 տարեկան աուտիզմ համախտանիշ ունեցող շուրջ 127 երեխայի համար իրականացվել է գիտելիքների, կարողությունների, հմտությունների, զարգացման փուլերի, խոչընդոտների և տարածական տեղաշարժման գնահատում VB-mapp գնահատման գործիքով, մշակվել և կազմվել են անհատական ծրագրեր, ծնողների համար կազմակերպվել են շարունակական խորհրդատվություններ: 

Այդ ամենից զատ՝ երեխաներին տրամադրվել են հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները՝ վարքային, խոսքային թերապիա, էրգոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, հոգեբանական աջակցություն: 14 և բարձր տարիքային խմբի 107 շահառուների համար վերոնշյալ թերապիաներին զուգահեռ իրականացվել են նաև զբաղվածության հետևյալ ծրագրերը՝ կավագործություն, գորգագործություն, այգեգործություն, կարուձև, խոհարարություն, համակարգչային ուսուցում, թղթի և մոմի արտադրություն:

2020 թվականին «Աուտիզմ» ազգային հիմնադրամը 100-ից ավելի  ծնողների համար իրականացրել է նաև շարունակական խորհրդատվություններ և կազմակերպել 12 տեսական ու գործնական դասընթացներ:  Ոլորտում աշխատող ավելի քան 30 մասնագետների համար իրականացվել են տեսագործնական վերապատրաստումներ: 

2020 թվականի հոկտեմբեր ամսից  ծրագրում ընդգրկվել է  նաև  Արցախից եկած և աուտիզմ համախտանիշ ունեցող 15 երեխա:

2013 թվականից մինչ օրս ներառական կրթական ծրագիր է իրականացվում Երևանի թիվ 126 հիմնական դպրոցում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ համախտանիշ և նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների համատեղ ուսուցման կազմակերպմանը և առանձնահատուկ պայմանների ստեղծմանն ու ապահովմանը։ Ռեսուրսային դասասենյակում աշխատանքներն իրականացնում են «Աուտիզմ» ազգային հիմնադրամի մասնագետները։ 2020 թվականին այդ դպրոցում սովորող և աուտիզմ համախտանիշ ունեցող 12 երեխա ընդգրկվել է ծրագրում, գնահատվել, վեր են հանվել նրանց կարիքները և ըստ դրանց առաջնահերթությունների՝ կազմվել են անհատական ծրագրեր։

  • Կիսվել: