ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ իրականացվում են 17 պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Դրանք են՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և Ամբերդ ամրոցը, Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին և Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցը, Լոռու մարզի «Քաղաքատեղի Լոռի Բերդի» միջնաբերդի պարիսպները, Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի Սեդվի վանական համալիրը և Յաղդան գյուղի 13-րդ դարի կամուրջը, Կոտայքի մարզի Պտղնիի տաճարը, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի 19-րդ դարի կամուրջը, Վայոց ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրը, Շատիվանքի որմնանկարները, Հորսի՝ իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը, Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատունը, Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի Սրվեղ վանական համալիրը, «Տավուշ» ամրոցի պարիսպները, կից կառույցներն ու եկեղեցին և Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը:

2026 թվականին կավարտվեն Փարպիի Ծիրանավոր եկեղեցու, Նավուրի կամրջի, Ապագա գյուղի «Սասունցիներ» և Շատիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները շրջայցերի միջոցով շարունակական վերահսկողություն են իրականացնում վերականգնվող հուշարձանների տարածքներում՝ ըստ անհրաժեշտության քննարկելով ընթացիկ խնդիրները և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով վերականգնող շինարարներին:

  • Կիսվել: