Ինչպես այս «ռեֆորմը», այնպես էլ մնացած բոլոր «ռեֆորմները», խայտառակ ձևով ձախողվել են. Խաչատրյան
Յուրաքանչյուր նախագիծ, որ քննարկվում է, ունի քաղաքական նպատակ, փորձենք հասկանալ՝ ինչ նպատակ ունի այս նախագիծը և ինչու ինքը ծնվեց հանկարծ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի կողմից բերված նախագծին, որով առաջարկվում է տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել:
«Մարդիկ հպարտանում էին, ասում էին՝ գազելներ այլևս չկան, ժողովուրդն ուրախ գնում, գալիս է, պատրաստ է 150 դրամ վճարի՝ ուրախ ավտոբուսով երթևեկելու համար: Բա եթե ժողովուրդն ուրախ է, ուրախ ավտոբուսի համար վճարում է՝ բա այս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց առաջացավ: Տրամաբանական կլիներ՝ եթե զեկուցողը վիճակագրություն բերեր՝ Երևանում տրանսպորտի գինը 50 տոկոս թանկացնելուց հետո արդյո՞ք մեր քաղաքացիները դրանից բավարարված են:
Այդտեղ արդեն բավարար կլիներ, որ բերեին ու ասեին՝ քաղաքացիները գոհ են ծառայություններիցն կան ուղղակի վատ, անպատասխանատու քաղաքացիներ, իրենց պետք է պատժել: Չկա տենց բան, չի բերվել, հետևաբար, իրենք էլ են հասկանում՝ իրենց այպես կոչված ռեֆորմը, ինչպես նաև մնացած բոլոր «ռեֆորմները», խայտառակ ձևով ձախողվել են»,- հայտարարեց Խաչատրյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ վերջիվերջո մեկը կպատասխանի՝ ինչպես եղավ որ հաշվարկադրամավարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեցող ընդամենը մեկ ընկերությանը տրվել է մոնոպոլ իրավունք՝ տոմս վաճառելու համար: