երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ինչի՞ց եք վախենում. Եվս մեկ անգամ ականատես ենք ԱԺ ամբիոնից ուրացման դեպքերին. Արծվիկ Մինասյան

Ինչի՞ց եք վախենում. Եվս մեկ անգամ ականատես ենք ԱԺ ամբիոնից ուրացման դեպքերին. Արծվիկ Մինասյան

Եվս մեկ անգամ ականատես ենք լինում ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի` այս ամբիոնից հերթական ուրացման դեպքերին: Այս մասին, այսօր ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Այն ժամանակ խոսում էինք՝ Արցախը չի կարելի ուրանալ, և արցախցու իրավունքը չի կարելի ստորադասել: Ցավոք սրտի, մտածում էինք՝ Աստված չանի, կարող է մի օր այդպիսի իրավիճակ առաջանա, որովհետև օրվա իշխանությունը վարում էր իսկապես հակաարցախյան քաղաքականություն:

Արցախի հանձնման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, որը ոչ միայն կոտորած բերեց, որը ոչ միայն չունենալով նման իրավասություն՝ ստորագրում էր փաստաթուղթ և հանձնում էր Արցախի Հանրապետության օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստացի և փաստորեն հրաժարվում է Արցախի ժողովրդի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի իրավունքները բարձրաձայնելուց»,-հայտարարեց Մինասյանը:

Մինասյանը շեշտեց, որ հիմա էլ այս մարդիկ անգամ այլևս չեն ուզում տեսնել, որ ժողովուրդը, որը բռնի տեղահանվեց և ենթարկվեց ցեղասպանության իր իրավունքը պաշտպանելու պարտականությունն իրականացնում է իր օրինական ընտրված մարմինների միջոցով:

«Ինչի՞ց եք վախենում, ինչի՞ց եք խուսափում. ՀՀ օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի համաձայն, Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձիք, ժողովրդի կողմից ընտրված անձինք կան, և այդ անձինք պետք է իրացնեն իրենց իրավունքը, դուք չէ, որ պետք է որոշեք այդ ժողովրդի փոխարեն»,-շեշտեց նա:

  • Կիսվել: