ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ինչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց

Ինչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի ԱԺ ընտրություններին. Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց

Կայացել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը։ Ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովի հայտարարությունը. 

«ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաեւ ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները, արձանագրեց.

Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջեւ։

Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան եւ երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։

Այս համատեքստում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։

Ելնելով վերը նշված հաստատումներից՝ Գերագույն ժողովը որոշեց.

.մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին,

.լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը եւ մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»։

Սաղաթելյանն ասաց, որ ժողովը լիազորել է ՀՅԴ ԳՄ այս ուղղությամբ սկսել բանակցություններն ու քննարկումները։

«Այս որոշման շրջանակներում առաջիկայում կսկսենք մեր քննարկումները դաշինքի վերջնական ձևաչափը որշելու ուղղությամբ։ Բնականաբար, արժևորելով գործող «Հայաստան» դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ»,- նշեց նա։ 

  • Կիսվել: