Իմքայլական պատգամավորն ամբողջովին կիսում է ԵԽԽՎ համազեկուցողների տեսակետը
Ամբողջովին կիսում եմ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների տեսակետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր բէջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այսօր մեկնաբանություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Համազեկուցողներն անհանգստություն են հայտնում ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։
Ամբողջովին կիսում եմ այս տեսակետը։ Անթույլատրելի է, երբ Սահմանադրական դատարանի նախագահը քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական (և ոչ իրավական) ընդդիմախոս է դառնում կառավարությանը՝ ծավալելով քաղաքական գործունեություն և առաջացնելով լարվածություն նշյալ երկու ինստիտուտների միջև։
- Համազեկուցողներն ընդգծել են, որ Հայաստանում դատական իշխանության հանդեպ վստահությունը շատ ցածր է։
- Համազեկուցողներն արձանագրում են, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն իրավիճակը փորձում են հանգուցալուծել իրավական ճանապարհով։ Սա կարևոր արձանագրում է։
- Համազեկուցողներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները դատավորների ինքնակամ վաղ կենսաթոշակի մեխանիզմը ներդնելուց առաջ ստացել էին Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը դրա վերաբերյալ, և որ իրենք հետևելու են դրա հնարավոր իրագործման ընթացքին։
- Համազեկուցողներն ընդգծել են, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը՝ այն է՝ գործող սահմանադրության ոգին իրագործելը լեգիտիմ է։ Սա ևս շատ կարևոր արձանագրում է։
- Համազեկուցողները նշում են, որ այս լարվածությունը չպիտի խաթարի Հայաստանում արդեն իսկ սկսված և պլանավորված բարեփոխումների ընթացքը։
Կիսում եմ նաև համազեկուցողների դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը պիտի զերծ լինի բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից՝ բոլոր կողմերից։ Այո, մեզ պետք է հենց այդպիսի դատարան՝ անկախ, չճնշվող, քաղաքական կասկածելի կապերի մեջ չմտնող, և վստահ եմ, որ մոտ ժամանականերս մենք կունենանք այդպիսի դատարան»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողները անհանգստություն են հայտնել ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։