«Կոռուպցիոներների որջ». Ալիևը՝ Եվրախորհրդարանի մասին
Միավորված ազգերի կազմակերպությունը, որի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել՝ պահանջելով հայկական զինված ուժերի դուրսբերում «օկուպացված» (չակերտները-խմբ.) տարածքներից, երկար ժամանակ լռում էր, ԵԱՀԿ-ն լռում էր։ Եվրոպայի խորհուրդը փաստացի աջակցում էր ՛՛օկուպացիային»։ Եվրախորհրդարանը միշտ աջակցություն է ցուցաբերել «ագրեսոր» (չակերտները-խմբ.) պետությանը՝ Հայաստանին, և այդպես է նաև այսօր։ Այս մասին այսօր Բաքվում միջազգային համաժողովների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի տնից առգրավել են միլիոնավոր դոլարներով լի ճամպրուկներ, սակայն այդ ամենը կոծկվել է։ Նրա անունը հայտնի է, նա Հունաստանից ընտրված կին պատգամավոր է։ Նրա նկատմամբ որևէ միջոց ձեռնարկվե՞լ է։ Ո՛չ։ Նա պատասխանատվության ենթարկվե՞լ է։ Ո՛չ։ Նրան ազատ են արձակել»։
Ալիևը նաև հավելել է, որ Եվրոպական խորհրդարանը բաղկացած է «իսլամատյացներից»:



