շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իմքայլական պատգամավորը նշել է, թե ինչից հետո են օրինաչափ ԱԺ տարածքում ոստիկանական ուժերի կուտակումներն ու դիպուկահարների ներկայությունը

Իմքայլական պատգամավորը նշել է, թե ինչից հետո են օրինաչափ ԱԺ տարածքում ոստիկանական ուժերի կուտակումներն ու դիպուկահարների ներկայությունը

Բոլորը պետք է ընկալեն, որ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին հակասող եւ ժողովրդավարությունը վտանգող ցանկացած փորձ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նոյեմբերի 9-ի ահաբեկչության փորձից, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀԿ-ական եւ այլ անձանց միջեւ վարչապետի սպանության պլանավորման մասին ԱԱԾ-ի տարածած խոսակցության ձայնագրությունից, դրանից հետո ԲԴԽ նախագահի «մարտակոչից», դատավորների կողմից սպանության փորձ կատարածներին ազատ արձակելուց, 17+-ի անդամների կողմից բռնության եւ ահաբեկչական բնույթի կոչերից, հավաքի մասնակիցների կողմից պատգամավորների, քաղաքացիների, լրագրողների վրա ֆիզիկական հարձակումներից, այսօր պլանավորվող սադրանքների մասին ոստիկանության ստացած տեղեկություններից հետո օրինաչափ է, տրամաբանական եւ համաչափ ԱԺ տարածքում թե' ոստիկանական ուժերի կուտակումները, թե' դիպուկահարների ներկայությունը։

Բոլորը պետք է ընկալեն, որ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին հակասող եւ ժողովրդավարությունը վտանգող ցանկացած փորձ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին՛՛։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ:

Նա նշել էր. ՛՛ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում՛՛:

 

 

  • Կիսվել: