շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին:

Օհանյանը, մասնավորապես, հարցրել էր. ՛՛Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր ՛՛Ապագա կա՛՛ ծրագրերի շրջանակներում՛՛:

Ի պատասխան՝ վարչապետը շեշտեց, որ իր ռազմավարությունը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելն է։ Նրա խոսքով՝ որոշ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործվել է մի նպատակով՝ որ Հայաստանում պետությունը չկայանա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Ղարաբաղի հարց չի եղել։ 

Արձագանքելով՝ Օհանյանն ասաց. ՛՛Դուք նորից հարցին չպատասխանելով՝ փորձում եք շեղել կամ մանիպուլացնել: Եվ նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել, ինչ էլ ուզում եք ասեք, միևնույն է, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները գնացել են, և ձեր ժամանակ է, որ այդ բանակցությունները ընդհատվել են, որովհետև դուք իրարամերժ հայտարարություններ և գործողություններ եք տարել: Եվ էսօր նորից որևէ բան չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե բանակցելու այդ ուղղությամբ՛՛:

Վարչապետը պատասխանեց. ՛՛Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ի միջի այլոց՝ դա նախկինում էլ եմ ասել, իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ էդ խնդրի վրա: Ինչ վերաբերում է ձեր այն ընկալմանը կամ դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին, ասեցիք ոնց որ՝ անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, որ մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես էդ թեմային ոնց որ թե անդրադառնալու առիթ չեմ ունեցել, բայց քանի որ ժամանակն էլ կարճ է, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ երախտամոռություն՛՛:

  • Կիսվել: