երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները հաղթող են ճանաչվել EU4Culture մրցույթում

Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները հաղթող են ճանաչվել EU4Culture մրցույթում

EU4Culture ծրագիրն ամփոփել է դրամաշնորհային հայտերի մրցույթը և ներկայացնում է ընտրված երեք քաղաքները, որոնք կստանան 30000 եվրո դրամաշնորհ՝ Մշակույթի զարգացման ռազմավարություն մշակելու համար, տեղեկացնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից:

Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին: Այն նպատակ ունի աջակցելու մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Ընդհանուր առմամբ, կանչին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրից: Ներկայացված հայտերի գնահատումից հետո Հայաստանից ընտրվել են Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները:

Ընտրված քաղաքները կստանան մինչև 30000 եվրո դրամաշնորհ՝ Մշակույթի զարգացման ռազմավարությունը մշակելու համար: Կանչի վերջնական փուլում այս երեք քաղաքներից մեկին կտրամադրվի մինչև 300000 եվրո դրամաշնորհ՝ իր ռազմավարությունն իրականացնելու համար:

Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ, ԿԳՄՍ նախարարության փոխնախարար, երեք քաղաքների քաղաքապետներ և ներկայացուցիչներ, EU4Culture ծրագրի ներկայացուցիչներ: Միջոցառումը կբացվի ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ողջույնի խոսքով, որին կհաջորդեն մյուս հրավիրյալների ելույթները և մրցանակների հանձնումը, երբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը պաշտոնապես դրամաշնորհային վկայականներ կշնորհի ընտրված քաղաքներին: Վերջում տեղի կունենա հարցուպատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում մշակույթը՝ աճի և սոցիալական զարգացման շարժիչ դարձնելուն: EU4Culture-ն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Վրաստանի ինստիտուտ Ֆղոնսեզի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխիայի կենտրոնների կողմից:

  • Կիսվել: