Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն ԱՄՆ փոխնախագահի այցից նոր ոչինչ չի ստանա. Մարուքյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում Հայաստանի հետ կստորագրվի խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Այս մասին նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Այս ոլորտում համագործակցության մասին արդեն իսկ նշվել էր նախկինում ստորագրված հուշագրում։ Նույնը վերաբերում է արհեստական բանականության ոլորտին։ Այսինքն՝ Վենսի այցի արդյունքում Հայաստանը նոր ոչինչ չի ստանում։
Իսկ ի՞նչ կստանա Ադրբեջանը։ Այն մեր օգնությամբ կհաղթահարի ռազմական համագործակցության ոլորտում նախկինում սահմանված պատժամիջոցները։
Հայաստանը վաղուց պետք է բարձրացներ ցմահ դատապարտված հայ գերիների հարցը, մինչդեռ այդ մասին ոչ մի հայտարարություն չի արվել, նույնիսկ՝ մտահոգության մակարդակով։ Ընդ որում, այդ «դատավարության» ժամանակ վերջին 30 տարվա համար դատել են Հայաստանին, և դրա հիման վրա Ադրբեջանը վաղը փոխհատուցում կպահանջի, այդ թվում՝ տարածքների տեսքով։
Բացի այդ, Հայաստանը պետք է անվտանգության երաշխիքներ պահանջի, որ այն ռազմական տեխնիկան, որն Ադրբեջանը կստանա Հայաստանի օգնությամբ, չի օգտագործվի Հայաստանի դեմ՝ հաշվի առնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները։
Նման պայմաններում կա՛մ պետք է այդ զենքը Հայաստանի դեմ չկիրառելու երաշխիքներ ստանալ, կա՛մ ԱՄՆ-ն պետք է զինի նաև մեզ, որպեսզի հավասարակշռություն լինի։
Բացի այդ, Վենսի այցի ընթացքում ԱՄՆ-ն կհստակեցնի նաև Երևանի ու Բաքվի դիրքորոշումներն իրանական հարցում։ Երկարաժամկետ հեռանկարում Վաշինգտոնը նպատակ ունի տարածաշրջանում թուլացնել իր հակառակորդների՝ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը»,- նշել է Մարուքյանը։


