կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ի գիտություն Էդգար Ղազարյանի՝ ԶՄՊԿ- ն 200 մլն «Սիթի օֆ սմայլին» փոխանցել է, երբ գործարանը տնօրինում էր կարկառուն ընդդիմադիր Վահե Հակոբյանը

Ի գիտություն Էդգար Ղազարյանի՝ ԶՄՊԿ- ն 200 մլն «Սիթի օֆ սմայլին» փոխանցել է, երբ գործարանը տնօրինում էր կարկառուն ընդդիմադիր Վահե Հակոբյանը

Վերջին օրերին լրատվամիջոցներից մեկում հրապարակումներ եղան այն մասին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի «Իմ Քայլը» հիմնադրամին երկու մասնաբաժիններով՝ տրամադրած նվիրատվությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել հատկապես այն համատեքստում, որ Կառավարությունը համարվում է ԶՊՄԿ ՓԲԸ-ի շուրջ 22 տոկոսի բաժնետերը։ Հատկանշական է, որ հրապարակումներում տվյալ հիմնադրամը ներկայացվում է, որպես «Աննա Հակոբյանի հիմնադրամ», մինչդեռ հանգանակություններից մեկն արվել է 2023 թվականին, երբ  «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն հանդիսանում էր Մխիթար Հայրապետյան, իսկ երկրորդ նվիրատվություն՝ այս տարվա գարնանը։ Այդ ժամանակ նույնպես  Աննա Հակոբյանը դեռևս «Իմ քայլի» տնօրենը չէր հանդիսանում։

 Թեմային պաշտոնապես արձագանքել է ԶՊՄԿ-ն՝ պարզաբանելով, որ բարեգործական հիմնադրամը ոչ թե պարզապես նվիրատվություն է տրամադրել, այլ համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ Քայլը» հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։ ««Իմ Քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները 2023 թվականին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին հատկացրել է 50 մլն, իսկ 2024 թվականի մարտին՝ 20 միլիոն դրամի դրամաշնորհներ։ Գումարն ուղղվել է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում դասավանդելու համար մասնագետներ հրավիրելու նպատակով։ Դասախոսները և փորձագետները հրավիրվել են այնպիսի համալասարններից, ինչպիսիք են MIT, Berkeley, University of California, Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ-ն և այլ»,- ասված է պարզաբանման մեջ։

Ավելի ուշ այս թեմային անդրադարձել է նաև ընդիմադիր գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ հայտարարելով, թե 2019 թվին ԶՊՄԿ-ն «Իմ քայլ»-ը հիմնադրամին նաև 200 մլն դրամի նվիրատվություն է արել։ «Հիմնադրամի հաշվետվությունների մեջ այդ նվիրատվությունն անանուն է, բայց ես իմացել եմ, որ դա կոմբինատն է տվել, որովհետև իրենք երբ դրամահավաք էին իրականացրել, դրամահավաքի մամուլի հաղորդագրության մեջ տրված էր, որ կոմբինատն է տվել 200 մլն դրամը, բայց իրենց մուտքերի մեջ դա գրել են անանուն, այսինքն փորձել են գաղտնի պահել այդ նվիրատուին»,- հայտարարել է Ղազարյանը։ Այս առնչությամբ Էդգար Ղազարյանին թերևս հիշեցնենք, որ նշած ժամանակատվածում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ղեկավարում էր  ընդիմադիր Վահե Հակոբյանը, ով 2021թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից։

2018 թվականին Վահե Հակոբյանը  Աննա Հակոբյանի ղեկավարած մեկ այլ՝ «City of smile» (Ժպիտների քաղաք) հիմնադրամին նվիրաբերել էր 51 միլիոն դրամ։ Այն ժամանակ հենց ինքը՝ Սյունիքի նախկին մարզպետ, ԶՊՄԿ խորհրդի նախկին անդամ և «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը նվիրաբերության մասին  հայտարարել էր․ «․․․50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է»։

Ընդդիմադիր դաշտում գործող Էդգար Ղազարյանը հիշատակում էր 200 միլիոնի մասին արդյո՞ք չգիտեր, այդ նվիրատվությունը արվել է այն ժամանակ երբ ԶՊՄԿ-ն տնօրինում էր ընդդիմադիր Վահե Հակոբյանը։ Արդյո՞ք սրանով նա փորձում է հարվածի տակ դնել նրան, թե՞  սա ընդդիմության ներսում հերթական հակասության օրինակ է։

  • Կիսվել: