հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ դատավորի պաշտոնում պայմանավորված է եղել Կիմ Բալայանի ծննդյան ամսաթվով. Դավիթ Հարությունյան

Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ դատավորի պաշտոնում պայմանավորված է եղել Կիմ Բալայանի ծննդյան ամսաթվով. Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը անբովանդակ է համարում իշխանությունների հայտարարությունները Սահմանադրական դատարանի կազմավորման մասին, ինչը եղել է նախկին իշխանությունների տարիներին:

«Փաշինյանի հիմնավորումներին անդրադառնալով՝ կասեմ, որ մենք գործ ունենք բառախաղի հետ: Եթե որևէ մեկը կարծում է, որ դատավորները պետք է նշանակվեին Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, դա կնշանակեր չբալանսավորված ՍԴ: Ավելին, ուզում եմ հիշեցնել, որ այն պահին, երբ Սահմանադրությունն ընդունվում էր, մեծամասնությունը խորհրդարանում Հայաստանի հանրապետական կուսակցությունն էր: Իսկ Սահմանադրական դատարանում կան դատավորներ, որոնք դեռևս նշանակված են եղել առաջին նախագահի ժամանակ, երկրորդ նախագահի ժամանակ:

Եվ եթե մենք կարծեինք, որ սկզբունքորեն տեսական առումով կարելի է այդ ուղղությամբ գնալ, միգուցե լիներ հակառակ գայթակղությունը՝ գրել Սահմանադրության մեջ, որ բոլոր դատավորներին պետք է զրոյից նշանակել: Չէ՞ որ դա հնարավորություն կընձեռեր ՀՀԿ-ին, որը մեծամասնություն էր, դե ֆակտո ունենալ ՀՀԿ կողմից նշանակված ՍԴ դատավոր: Բայց չգնացինք այդ ճանապարհով, որովհետև անթույլատրելի է: Եվ ինչքան էլ մեծ լինի քաղաքական գայթակղությունը, չի կարելի գնալ նման հակասահմանադրական ճանապարհով»,- ասաց նա:

Նախկին պաշտոնյայի խոսքով, այն ճանապարհը, որը նախկինում ընտրվել էր, շատ ավելի խելամիտ ճանապարհ էր՝ ապահովել Սահմանադրական դատարանի բալանսավորված լինելու սկզբունքը: Հարությունյանը նաև ներկայացրեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու ճանապարհը:

Նրա ներկայացմամբ, պատճառն այն չէր, որ Գագիկ Հարությունյանը վաղաժամ հրաժարական էր տվել այդ պաշտոնից: Այլ, ըստ նրա, խնդիրն այն էր, որ ՍԴ գործող անդամներից մեկի, այդ դեպքում՝ ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետն էր լրանում:

«Երբ ՍԴ անդամի հերթական պաշտոնավարման ժամկետը լրացավ, պետք առաջանար թափուր տեղ: Սակայն ՍԴ մասին օրենքն ասում էր՝ եթե այդ մարդը գործով զեկուցող է, ապա նրա պաշտոնավարումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ՍԴ-ն չի ավարտել այդ հարցի լսումները: Խոսքը Կիմ Բալայանի մասին է: Եվ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր շատ ավելի վաղ, քան այն ժամանակաշրջանը, երբ ՍԴ անդամ ընտրվեց Հրայր Թովմասյանը: Եվ եթե ավելի վաղ ավարտվեր, ապա մենք այդ ժամանակ կառաջադրեինք ՍԴ նոր անդամ: Այնպես որ, ՍԴ անդամ ընտրվելու ժամկետը բացարձակ կապ չունի որևէ արհեստական գործընթացի հետ:

Կիմ Բալայանի ծննդյան վկայականը ոչ մեկ չի փոխել և տարիքն առաջ չի գցել: Երբ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ, ՍԴ նախագահ էր Գագիկ Հարությունյանը: Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու խնդիրը պայմանավորված էր մեկ հանգամանքով՝ նա հավակնում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելու: Դա է եղել պատճառը, որ նա հրաժարվել է նախագահի պաշտոնից»,- ներկայացրեց Դավիթ Հարությունանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, իհարկե, մեծ ցանկության դեպքում կարելի է այս հարցում տեսնել բարդ կոմբինացիա, բայց իրականում այդպես չի եղել:

«Ուղղակի եղել է հետևյալը՝ թե ԲԴԽ ձևավորումը, թե համապատասխան գլուխների ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենար միաժամանակ: Մի կարևոր հարց կա՝ բանն այն է, որ ՍԴ նախագահն արդարադատություն իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս անդամներից: Նրա դերակատարումը ավելի շատ զուտ կազմակերպչական է ու ներկայացուցչական: Իսկ այն, որ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ դատավոր և դա պայմանավորված է եղել Կիմ Բալայանի ծննդյան ամսաթվով, ես կարծում եմ՝ դա արդեն ակներև է»,- հավելեց նա:

  • Կիսվել: