ուրբաթ, հոկտեմբեր 11
11 / 10 / 2024
Քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա. Թովմասյան

Քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա. Թովմասյան

Հարգելի՛ դատարան, բացեք մեղադրական եզրակացությունը՝ ո՛ր էջն ուզում եք, կարդացեք մեկ պարբերություն, ես նույն բաները կարող եմ ասել՝ տրամաբանական կանոնների խախտում, ասվածի և եզրահանգման զրոյական կապ, իրարից չբխող բաներ: Այս մասին այսօր իր դատավարական նիստի ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այն, որ պայմանագրում գրվել է 3 մլն, կարող է հակառակն ապացուցել, որ սա չի եղել իրական պայմանագիր: Պետք է ուսումնասիրվեր՝ այդ տարածքում ի՞նչ գնով են վաճառել: Եթե սա նույնիսկ ենթադրության մակարդակում դրվի ինչ-որ մի բանի հիմքում, պետք է ստուգվեր՝ այդ շենքի բնակարանների վաճառքում մեկ դեպք կա՞ր, որ նոտարական վավերացմամբ է եղել, թե՞ չէ: Այսինքն՝ բերված ապացույցները ոչ թե չեն ապացուցում, որ տարածքն իմն է եղել, այլ հերքում են»:

Ըստ Թովմասյանի՝ պետք է ուսումնասիրվի, թե ՀՀ-ում քանի հոգի են լիազորագրով տարածք վաճառել, ու դա նշանակում է, թե բոլորի տարածքն իրե՞նցն է:

«Սրան երկու դեպք է ավելացել՝ «խորոված ծախող Արտաշի» ու Վալոդի ասածները: Եկել ասում են՝ շուկայում ասում են... Ես սա ո՞նց ապացուցեմ, կամ ո՞նց հերքեմ, զրո կոնկրետություն»,- ասաց Թովմասյանը:

Նա պարզաբանեց, որ եթե ասեին, թե շուկայում ասում է՝ «մսավաճառ Վալոդը», նրան կարող էինք կանչել ու հարցնել՝ ինչի՞ հիման վրա է ասում: «Բայց շուկայում ասում էին, քաղաքում խոսում էին, ավոտբուսում լսեցի, այս հասկացողությունները չեն կարող մեղադրանքի հիմքում լինել: Գալիս ենք նորից հետևյալին՝ քրեական գործը հարուցվել է օպերատիվ տվյալի հիման վրա ու «շուկայում Արտաշի հարևանների լսածի» հիման վրա»,-եզրահանգեց նա:

  • Կիսվել: