Կապված է նրա նախկին գործունեության հետ. Հովիկ Աղազարյանը՝ Կուտոյանի մահվան մասին
Շատ ցավալի դեպք է, քանի որ կյանքից զրկվել է մեր հայրենակիցը, եւ երկրորդ, ենթադրել, թե սա ինքնասպանություն է, թե ինքնասպանության դրդելու փորձ, թե սպանություն, նմանատիպ իրավիճակներում դա արդեն կարեւոր չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Կարեւորն այն է, թե ինչ դիրք է ունեցել հասարակության մեջ տվյալ անձնավորությունը, հետեւաբար ինչերի հետեւանքով այս բանը կարող էր տեղի ունենալ: Իմ անհատական կարծիքն այն է, որ դա ես միանշանակ կապում եմ նրա նախկին գործունեության հետ, բայց չգիտեմ, թե տարբերակներից որ մեկը կարող է լինել: կարող է մարդուն դրդեն ինքնասպանության, կարող է մարդը հասկանա, որ վաղը չէ մյուս օրը խնդիրներ կունենա եւ կդիմի այդ քայլին առանց դրդելու, հանգամանքների բերումով: Կարող է ուղղակի սպանած լինեն: Դա պետք է պարզի քննությունը»,-ասաց Աղազարյանը:
Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Մշակվել է քննչական և դատավարական գործողությունների պլան: