Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են. Ռոմանոս Պետրոսյան
Ժողովուրդ ջան, հոսանքազրկումներից պետք չի սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում հոսանքազրկումներ եղել են։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ Էրեբունի համայնքում կրկին հոսանքն անջատել են։
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ պրոցես է՝ ժամյա ռեժիմով. «Տեխնիկական իմաստով որևէ սենսացիա չկա, որ որևէ տեղ վթար է տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք և դուք վստահ եղեք, որ որևէ տեղ եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական բոլոր ստորաբաժանումներին, ինձ, որից հետո անմիջապես գործի են անցնում։
Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ՝ ժամերի ընթացքում կվերականգնվի, եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում եմ մեր բնակչության, բաժանորդների ընկալումը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ երբ ՀԷՑ–ը «Տաշիր գրուպ»–ի տնօրինության տակ էր, իշխանությունները թիրախավորում էին հոսանքազրկումները, նա ասաց, որ 2025 թվականի հուլիսի 18-ից առաջ լրագրողները գրեթե ոչ մի ռեպորտաժ չեն արել հոսանքազրկումների մասին, ինչպես հիմա են անում»։
Դիտարկմանը, որ Էրեբունիում, երբ 3-4 օր հոսանք չկար, բնակիչները խնդիրներ են ունեցել, սննդամթերքն է փչացել, տեխնիկան է փչացել, ՀԷՑ–ը որևէ կերպ կփոխհատուցի՞ նրանց, Ռոմանոս Պետրոսյանը արձագանքեց. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարգավորում է նման դեպքերը, և եթե պատճառները հայտնի դառնան, որ ՀԷՑ–ի առերևույթ անգործության կամ որոշակի պատճառներ, որոնք որ կարելի էր կանխարգելել ու չի կատարվել, օրենքի կարգավորման առարկա կդառնա և իհարկե կփոխհատուցվեն բոլոր այն բնակիչները բաժանորդները, որոնք վնասներ են կրել։
Այս պահին երկու առանձին հանձնաժողովներ են ձևավորվել, մեկը տեխնիկական, էներգետիկ ոլորտի, մյուսը անվտանգային իրավական, որպեսզի երկու միմյանցից անկախ հանձնաժողովները ներքին հետաքննություն անեն և ինչպես նաև համագործակցելով իրավապահ մարմինների հետ, իրական պատճառները վերհանեն։ Դրանից հետո արդեն կհանրայնացվի և մեր հանրությունը, այդ թվում նաև Էրեբունի վարչական շրջանի մեր բնակիչները կտեղեկացվեն հետագա քայլերի մասին»։


