կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հինգ տարի հետո տեղի է ունենալու շատ հստակ ճամփաբաժան

Հինգ տարի հետո տեղի է ունենալու շատ հստակ ճամփաբաժան

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

Նիկոլ Փաշինյանը իր վերջին տեսաուղերձում ասել է, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս կան մարդիկ, ովքեր փորձում են Հայաստանում անիշխանության տպավորություն թողնել: Նրանք ուզում են քաոս սերմանել Հայաստանում, նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս։ Արդյոք սրանով Փաշինյանն ակնարկում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Այս ամբողջ պատմության մեջ ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչ է լինելու հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Խոշոր հաշվով, Փաշինյանը գնացած է, և նա մի էտապ է, որը մենք ապրեցինք, վերջացավ։ Նոր վարչապետ եկավ, ի՞նչ է այդ մարդն անելու, որը չի անելու Փաշինյանի նման։ Սա էական է։ Երբ դրան մեկ անգամ տեղ չի տրվել, Սերժ Սարգսյանի փոխարեն եկել է Նիկոլ Փաշինյանը, եղել են շատ դրական փոփոխություններ, և չեն եղել շատ կարևոր արմատական փոփոխություններ։ Եվ ինձ ինչպես 2018-ին է հետաքրքիր եղել, հիմա ևս այդ հարցը հետաքրքիր է՝ ինչ է լինելու, երբ Փաշինյանը գնա։ Եվ հիմա մեր քաղաքական թիմն այդ հարցի պատասխանի մշակմամբ է զբաղված։

Պարզ է չէ՞, որ հայտնի հայտարարության չեղարկում չի լինելու։

Եկեք չասենք որևէ բան պարզ է, հնարավոր է մեկն ասում է՝ Պուտինն ինձ իր տղայի նման սիրում է, և եթե ես լինեմ վարչապետ, կչեղարկի այդ փաստաթուղթը։ Կարող է մեկը գալիս է, այնպիսի գերհզոր տարբերակ է առաջարկում, որ Ադրբեջանն ասում է եկեք չեղարկենք և պատերազմ էլ չեմ հայտարարում։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, բայց պետք է հիմնավորել առաջարկները։ Հինգ տարի հետո տեղի է ունենալու շատ հստակ ճամփաբաժան. ա/ կամ մենք ունենալու ենք վերջնական խաղաղություն, որպեսզի երբ խաղաղապահները գնան, նորմալ լինի ամեն ինչ, կամ բ/ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Այս հինգ տարվա համար ժողովրդի ապրելու ճանապարհը պետք է մշակել, որ մարդիկ տեսնեն ապագայում ինչ է լինելու և չթողնեն արտագաղթեն, որ հինգ տարի հետո չպարզվի, որ մնացել ենք մեկ միլիոն երկու հարյուր հազար, և հարկ վճարող չկա, բոլորը թոշակ ստացող են։ Դրա համար հստակ հինգ տարվա ռազմավարություն է պետք, իրական, չոր, առանց էմոցիաների, բնականաբար, հիմքում ունենալով երազանքը։

Կարծում եք՝ իշխանությունն ի վիճակի չէ՞ այդ ծրագիրը ներկայացնելու։

Բացառում եմ։ Նրանք եթե ինչ-որ բան կարողանային անել, նախորդ երկուսուկես տարվա ընթացքում դա արած կլինեին ստանդարտ պայմաններում, երբ երկիրը կրախի մեջ չէր։ Այս ճգնաժամային վիճակում ես ընդհանրապես չեմ հավատում, որ նրանք կարող են դա անել։ Բայց դա պետք է արվի, և երբ արվի, ժողովուրդը կտեսնի ստաբիլություն ապագայի մեջ, Փաշինյանին տուն կուղարկեն 20-25 րոպեների ընթացքում, հնարավոր է ինքն էլ այդ դեպքում տեսնի ու կամավոր թողնի գնա։ Բայց երբ չկա այդ ապագայի պլանը՝ ինչ ենք անելու, ժողովուրդն անորոշության և ստաբիլ վատի միջև ընտրում է ստաբիլ վատը։ Նա կանխատեսելի է և արդեն գիտես, թե որքան վատը կարող է լինել, գիտես որքան լավը կարող է լինել։ Անորոշության և վատ ներկայի միջև հասարակությունը միշտ ընտրելու է վատ ներկան։ Պետք է առաջարկել ստաբիլություն ապագայի համար, և այդ ժամանակ Փաշինյանը գնալու է։

Իսկ ինչ վերաբերում է իր ելույթի այն թեզին, որ ինչ-որ ուժեր երկրում անիշխանության իմիտացիա են տարածում, ես պետք է ասեմ, որ  այդ անիշխանության քարոզչության առաջամարտիկները երկուսուկես տարի եղել են «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները։ Եվ այս երկում ցանկացած ձախողում, ֆորս մաժոր, ցանկացած պրոբլեմ կապվել է նախկինների հետ, որպեսզի սեփական մեղքը չտեսնեն։ Իհարկե, նախկինները սուրբ չեն եղել, բայց դա մի կողմ թողնենք, վերջին երկուսուկես տարվա պրոբլեմների հիմնական ծնող պատճառը իրենք չեն եղել։ Նախկինները չեն մեղավոր, որ իրենք պետական ապարատի ռեֆորմ չեն կարողանում անել։ Նախկինները չեն մեղավոր նրանում, որ դատական բարեփոխումներ կոչվածի արդյունքում մենք այսօր էլ չունենք դատարան։ Եվ հիմա երբ «Իմ քայլը» դաշինքը ամեն ձախողում կապում է նախկինների հետ, որ այ նրանք տակից փորում են, սաբոտաժ են անում, հարց է ծագում՝ եղբայր, այդ աթոռին դուք եք նստած, ինչո՞ւ են բոլոր հարցերը նախկինները կառավարում։ Անիշխանությունը դա է, որ դու նստած ես վարչապետի աթոռին և ասում ես՝ բոլոր կարևոր բաները ուրիշներից են կախված։ Իսկ իրականում երկրում կա կառավարելիության պրոբլեմ՝ սկսած սոցիալական ապահովության խնդիրներից, վերջացրած հազարումի հարցեր։ Այսօր, ցավոք սրտի, Արցախի հայությունը ՀՀ աջակցությունը չի ստանում այն ֆորմատով, որը պարտավոր ենք տրամադրել։

Ստեփանակերտում դպրոցի բացումը բավականին բուռ քննարկվեց, շնորհակալություն Ռուսաստանին, Պուտինին։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում։

Չեմ կարծում, որ պետք է դա պրոյեկտել ամբողջ համատեքստի վրա։ Իրականում այդտեղ կա հոգեբանական բաղադրիչ, որովհետև խոշոր հաշվով մարդը, ում տունը ռմբակոծում էին, ինքը քաղաքագիտական վերլուծություն չի անելու, ինքը նայում է հետևյալը, որ երբ ՀՀ-ն էր մեր անվտանգության երաշխավորը, մենք ունեինք խնդիրներ, երբ Ռուսաստանը խառնվեց, մենք չունենք էքզիստենցիալ պրոբլեմներ, այսինքն՝ մեր գլխին էլ բոմբ չի ընկնում, և մարդը գալիս է այն եզրակացության, որ այդ վիճակից  երբ եկել ես այս վիճակին՝ արժի շնորհակալություն հայտնել։ Եվ հասկանում եմ այն մարդկանց, որ ասում են՝ բա ինչու Արցախը մեր զինվորներին շնորհակալություն չի հայտնում, ի վերջո 30 տարի ՀՀ-ն այդքան միջոցներ է տրամադրել, մեր զորքն  այնտեղ կռվել է։ Հարյուր տոկոս համաձայն լինելով այս փաստարկների հետ՝ ես չեմ կարծում, որ այս էմոցիոնալ պիկի վիճակում մենք փոքրիկ իրադարձությունը ներազգային հակասության պատճառ պետք է դարձնենք։

Lragir.am

  • Կիսվել: