շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրենի հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։

Կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտին և տարբեր ուղղություններով առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանկոֆոն ընտանիքին իր պատկանելիությունը և մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ առկա համագործակցային հարուստ օրակարգը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՖՄԿ և անդամների երկրների և կառավարությունների հետ համագործակցության հետագա խորացմամբ, և 2027թ․ Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու Հայաստանի հայտը նաև վերոհիշյալի վկայությունն է։

Իր հերթին ՖՄԿ գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ Հայաստանի քառամյա նախագահությունն աչքի է ընկել իր արդյունավետությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ դերակատարությունն ունենալ ֆրանկոֆոն արժեքների և ֆրանսերեն լեզվի տարածման գործում։

  • Կիսվել: