ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ․ Վանեցյան
Մեղավոր ենք մենք բոլորս, բոլոր հայերը, որ մինչեւ այսօր հանդուրժել ենք, որ այս իշխանությունները զավթած, պարտված, թուրքի դեմը կզած իշխանությունները փաստացի շարունակում են մնալ ՀՀ-ում: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթին և ասաց, որ այդ փաստաթուղթն առաջին անգամ կարդալիս որևէ խնդրահարույց կետ չկա, սակայն այն վստահություն չի ներշնչում, քանի որ սեպտեմբերի 27-ից հետո այս իշխանությունները յուրաքանչյուր օր միայն խաբել են ժողովրդին:
Վանեցյանը, մասնավորապես, նշեց. ՛՛ՀՀ տարածքում 500-ից ավելի ադրբեջանական զինվորականներ են եկել, իրականում, եթե մեր ժողովուրդը գիտակցի, թե ինչ է կատարվում մեր երկրում, ապա այսօր մենք ոչ թե պետք է այստեղ կանգնեինք և ակցիա անեինք, այլ բոլորս պետք է հավաքվենք, գնանք և վերջ տանք այս իշխանություններին, որովհետև այս իշխանությունների մեկ օր ավելի մնալը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը՛՛:
Նա հավելեց նաև, որ Հայաստանը կանգնած է բնաջնջման վտանգի առաջ։