ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի. Փաշինյան

ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի. Փաշինյան

ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգը պետք է չփոխվի։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով սահմանադրական փոփոխությունների մասին հարցին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Չնայած բոլորը չէ, որ այդպես են կարծում։ Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել է, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասաց, որ ինքն այն տեսակետին է, որ պետք է փոխվի։ Բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի՛՛:

Վարչապետն ընդգծեց, որ գործընթացը չպիտի հիմնված լինի միայն իր կարծիքի վրա, այդուհանդերձ, այն, որ ՀՀ գործող Սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, ըստ Փաշինյանի, վկայեցին նաև վերջին իրադարձությունները։ Փաշինյանը հիշեցրեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հայտարարությանը հաջորդած իրավիճակը։

Նա նշեց. ՛՛Երկրում, ըստ էության ռազմական հեղաշրջման իրավիճակ էր` ռազմական դրության պայմաններում, ու երկրի ղեկավարը չէր կարողանում արագ կադրային փոփոխություն անել։ Իհարկե, ՍԴ–ն իր որոշումներով ամեն ինչ դրեց իր տեղը, բայց գուցե Սահմանադրության մեջ այսպիսի խնդիրներ կան, որ մենք պետք է զուտ կանոնակարգային առումով լուծենք՛՛:

Բարեփոխված Սահմանադրությունը, ինչպես վստահեցրեց Փաշինյանը, ՛՛որևէ մեկի հագով կոստյում՛՛ չի լինելու։

՛՛Ոչ մի կոշիկ, կոստյում, գլխարկ կարելու մտադրություն չկա։ Եթե նման մտադրութուն լիներ, 2021–ի գործընթացը չէր լինի՛՛,-ասաց նա՝  ակնարկելով 2021-ի հունիսին անցկացված ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2015-ին հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունը ՛՛Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում՛՛ է:

  • Կիսվել: