ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ՀՀ-ի համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, արժանապատվության և համերաշխության հիմքն է. ՀՀ նախագահ

ՀՀ-ի համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, արժանապատվության և համերաշխության հիմքն է. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։

Այս մասին Երևանում մեկնարկած «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով  միջազգային համաժողովում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական արդարության ամրապնդման ու արժանապատիվ աշխատանքի գաղափարի առաջխաղացման համար։ 

«21-րդ դարի խորքային մարտահրավերների պայմաններում, երբ աշխարհը վերաիմաստավորում է աշխատանքի դերը, արդյունավետությունն ու ներառականությունը, սոցիալական արդարության հարցը մշտապես հրատապ է մնում։  Այդուհանդերձ, մեզ համար սա ոչ թե տեսական կամ կարգախոսային հարց է, այլ պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ։

ՀՀ-ի համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։ Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից:

Այս համաժողովը թույլ է տալիս ոչ միայն արժևորել ձեռքբերումները, այլ նաև անդրադառնալ առկա խնդիրներին, վեր հանել նոր ուղենիշներ։ Որպես պետություն մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը, առաջ մղելու այնպիսի քաղաքականություններ, որոնք խթանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները և կերտում ներառական աշխատաշուկա»,- ասաց ՀՀ նախագահը:

Խաչատուրյանն ընդգծեց՝ վերջին տարիներին Հայաստանում իրականացվել են համակարգային բարեփոխումներ այդ ուղղությամբ։ Դրանց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները, զբաղվածության ռազմավարության հաստատումը, ինչպես նաև նոր թվային գործիքների ներմուծման գործընթացը, որոնք միտված են աշխատանքի և զբաղվածության ոլորտը դարձնելու ավելի արդար, ճկուն և արձագանքող ժամանակակից պահանջներին։

«Սոցիալական արդարությունը հնարավոր չէ առանց ընդգրկուն համագործակցության։ Պետությունը միայնակ չի կարող հասնել դրա իրականացմանը։ Անհրաժեշտ է սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ։ Սա է այն համատեղ ջանքերի մոդելը, որն իրականում արդյունք է տալիս:

Այսօր մեր կողքին են գործընկերներ տարբեր երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Սինգապուրից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնց մասնակցությունը ինքնին վկայում է այն վստահության և ընդհանուր հանձնառության մասին, որ մենք կիսում ենք աշխատանքում, աշխատանքի ոլորտում համընդհանուր արժեքների տարածման գործում»,-նշեց նախագահը:

Խաչատուրյանն ընդգծեց՝ համոզված է, որ այս հանդիպումն էլ ավելի կխորացնի փոխադարձ ըմբռնումը, կմեծացնի համատեղ ջանքերի արդյունավետությունը և կխաթանի այն քաղաքականությունների ձևավորումը, որոնք իրական արժեք են հաղորդում մարդկանց կյանքին։ 

 

  • Կիսվել: