«Հեսա քեզ կբռնաբարենք, կսպանենք, նոր կիմանաս». Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնել
Երեկ Ազգային ժողովի մոտից բռնի ուժով բերման էին ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում վերջինիս նկատմամբ շարունակել են բռնություն կիրառել: Փոստանջյանի վիճակը կտրուկ վատացել է, և կեսգիշերն անց ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո նա դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, բուժօգնություն ստացել, այժմ տանն է:
Անկախ-ի հետ զրույցում Փոստանջյանը պատմեց հետևյալը. «Ազգային ժողովի մոտից ինձ ոստիկանության մի գնդապետի հրահանգի ներքո ապօրինաբար մտցրեցին մեքենայի մեջ:Մեքենայում փորձեցի հեռախոսով ձայնագրել, ոստիկաններից մեկը հարձակվեց վրաս, հեռախոսը ձեռքիցս խլեց ու շպրտեց մեքենայի հետնամաս:Հասանք ոստիկանության բաժանմունք: Մի տասը հոգի ոստիկաններէին, ասացի՝ ինչի՞ եք ինձ բերման ենթարկել, սկսեցի իմ բողոքն արտահայտել: Սպասում էի, ոչ մի գործընթաց տեղի չէր ունենում, որ հասկանամ ինչ պետք է լինի: Բայց միջանցքից այն կողմ էլ չէի գնում, որովհետև այնտեղ տեսախցիկներ կան, ինձ ավելի ապահով էի զգում: Հետո մի դուռ կար բաց, ասացի՝ ես գնում եմ: Այդ պահին հարձակվեցին վրաս, սկսեցին քաշքշել: Հետո, հավանաբար կաշկանդվելով տեսախցիկներից, ինձ քաշքշելով տարան համայնքային ոստիկանության պետի սենյակ:Թուրքանման դեմքով մի ոստիկան՝ քաղաքացիական հագուստով, հրեց ինձ սեղանի վրա, քաշքշեց,սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հարվածներ հասցնել:Ոտքերս ու թևերս լրիվ կապույտ են: Հետո ասեց՝ հեսա քեզ կբռնաբարենք, կսպանենք, նոր կիմանաս, հլը սպասի»:
Փոստանջյանն ասում է, որ քիչ անց դրսից լսում է իր երեխաների ձայնը, որոնք եկել էին իր հետևից, սկսում է ներսից բղավել, որ օգնության հասնեն: Գալիս է նաև Փոստանջյանի փաստաբանը, որից հետո արձանագրություն են կազմում բերման ենթարկելու հետ կապված, թե իբր չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:
«Թե ո՞ր ոստիկանի և ո՞ր պահաջի մասին է խոսքը, ես տեղյակ չեմ, չկա նման բան: Ինձ բերման են ենթարկել ոստիկանության մի գնդապետի ուղիղ հրահանգով, որն ասաց՝ սրան բերման ենթարկեք»:
Փոստանջյանի խոսքով՝ մինչ այդ նույն գնդապետին ինքը փորձում էր բացատրել, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչ է լինելու, եթե չկանխենք:
«Այսպիսի բան նախորդների ժամանակ չի եղել: Եթե նախկինում ոստիկանությունում ուղղակի մենթեր էին, հիմա թուրքական ժանդարմեան է»,-ասում է:
Փոստանջյանն ամեն ինչ անելու է, որպեսզի իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն անպայման պատասխանատվության ենթարկվեն: Սպասում է ուղեգրին, որ դատաբժշկի մոտ գնա: