չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հեռու չէ այն օրը, երբ կհրապարակվի վարչապետի թեկնածուի անունը. Վանեցյան

Հեռու չէ այն օրը, երբ կհրապարակվի վարչապետի թեկնածուի անունը. Վանեցյան

Եթե Նիկոլ Փաշինյանն ամոթ ու թասիբ ունենար, մեկ օր առաջ ներողություն կխնդրեր հայ ժողովրդից եւ կթողներ իր պաշտոնը, որովհետեւ պարտված առաջնորդը չի կարող մնալ առաջնորդ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ թեև Փաշինյանը հեռանալու մտադրություն չունի, սակայն իրենք հանրային ճնշման արդյունքում կհասնեն դրան:

Վանեցյանը տեղեկացրեց նաև, որ իրենց հետագա անելիքների մասին առաջիկայում կհայտնեն: Նա հստակեցրեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարագայում ՛՛Հայրենիքը՛՛ մասնակցելու է։

Լրագրողների հարցին, թե Ազգային համաձայնության կառավարության ստեղծման պարագայում դրա կազմում ինքը կընդգրկվի՞, Վանեցյանը պատասխանեց, որ թե ի՛նչ տեղ կամ դեր կստանձնի, կորոշի առաջին հերթին ժողովուրդը, ապա Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը։ Նա նաեւ ասաց, որ պաշտոն զբաղեցնելը կամ իշխանության գալն ինքնանպատակ չէ։

Ըստ Վանեցյանի՝ Ազգային համաձայնության՝ կառավարության ղեկավարը կլինի բոլորի կողմից հնարավորինս ընդունված մարդ: Նա վստահեցրեց, որ հեռու չէ այդ օրը, երբ կհայտարարվի, թե ով կլինի այդ անձնավորությունը:

՛՛Հնարավոր վարչապետի թեկնածուի համար կարող է առաջադրվել մի քանի անձ, որոնց մեջ էլ կլինի ընտրությունը՛՛,- ասաց նա։

 

  • Կիսվել: