ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հեղափոխությունը վտանգում են նաև հենց իշխանության որոշ ներկայացուցիչներ. Արման Բաբաջանյան

Հեղափոխությունը վտանգում են նաև հենց իշխանության որոշ ներկայացուցիչներ. Արման Բաբաջանյան

Թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, սակայն նախկին իշխանության ներկայացուցիչներն այսօր փորձ են անում կանգնեցնել դրա ընթացքը: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը նման տեսակետ է հայտնել այսօր հրավիրված քաղաքական հավաքի ժամանակ։

Ըստ նրա՝ վտանգը բխում է ակնհայտ ռևանշի օրակարգ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է։ 

«Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ: 2018-ին թավշյա հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել՝ կառուցելու ավելի լավ երկիր, ավելի ազատ ու ավելի ժողովրդավարական հասարակություն, կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը: Սակայն այդ ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարն, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Հեղափոխությունը արգելակել է ժողովրդին հարստահարելու, երկիրը թալանելու նրանց հնարավորությունը, և նրանք ամեն ինչ անում են անցյալի այդ հոռի բարքերը վերակենդանացնելու համար»,-ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանի խոսքով՝ հեղափոխությունը վտանգում են նաև հենց հեղափոխության, իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով և ոչ կոմպետենտությամբ:

«Դա նշանակում է, որ հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք՝ ինչպես այն վտանգող նախկին ռևանշիստներից, այնպես էլ իշխանության մաս կազմող շատ ու շատ անհատներից և համակարգերից»,-նշեց նա:

 

  • Կիսվել: