չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ՀԷՑ–ն ազգայնացման գործընթացի հետեւանքով ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում,  կապիտալի արտահոսք. Խաչատրյան

ՀԷՑ–ն ազգայնացման գործընթացի հետեւանքով ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում, կապիտալի արտահոսք. Խաչատրյան

Իսկ ի՞նչ մեխանիզմներ կային, երբ «Լիդիանը» իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը, կամ ինչի «Վիվասելի» առք ու վաճառքի գործարքը թույլատրվեց, երբ ընկերությունը իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց կառավարությանը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ մեխանիզմներ կան, որով կարող է ազգայնացվել ՀԷՑ–ը, որի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի դեպ այս կասկածահարույց նվիրաբերություններն են պատճառը, կամ պատճառներից մեկը, որ մենք ունենք ոչ թե օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ Հայաստանի տնտեսությունում, այլ ընդհակառակը՝ ունենք կապիտալի փախուստ։ Օրենսդրական հիմքեր պետությունը չի ստեղծում, ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված, չէ։ Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով՝ բաժնետերերի հետ համաձայնությամբ։

Կարող է վաղը օրենսդրական հիմք ստեղծեն, որ Վեհափառ Հայրապետի նշանակումն էլ վերապահվի ՔՊ–ի վարչությանը»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանը կանխատեսեց, որ ՀԷՑ–ն ազգայնացման այս գործընթացի հետեւանքով ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում,  կապիտալի արտահոսք. «Այս պայմաններում, երբ մեր տնտեսությունը այդ 5,9%-ը, որը նկարել են, բացառապես կախված էր արտածին գործոններով, և տնտեսությունը ինքը արդյունք չի գեներացնում, մենք ունենալու ենք էլ ավելի վատթար իրավիճակ։  Ի դեպ, այս լիրիկական շեղումները հարկերի կարևորության վերաբերյալ, դրանք հիմք են նախապատրաստում հարկային մամլիչը էլ ավելի սեղմելու համար, որովհետև իրենց ղեկավարության օրոք տնտեսությունը չի աճում»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀԷՑ–ի ազգայնացման հիմք ընդունվի այլն, որ ՀԷՑ–ը լավ չի աշխատում, Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե լավ չի աշխատում, նշանակում է պայմանագրի ինչ-որ կետ խախտվում է։  Պետք է նայել դժգոհության առկայության դեպքում կողմերը պայմանագրով նախատեսված ինչ քայլեր են կատարել։ Ցայժմ ես դժգոհության և պետության և բաժնետիրոջ միջև որևէ բանակցությունների մասին տեղյակ չեմ։

Ինչ վերաբերում է բնակչության դժգոհությանը, ապա այդ դժգոհությունը հանկարծ կիզակետվեց հենց այն պահին, երբ Սամվել Կարապետյանը իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Կլինեն իհարկե մարդիկ, որոնք այդ հեքիաթին կհավատան, բայց կարծում եմ՝ այդ մարդիկ հիմնականում նախադպրոցական տարիքի պետք է լինեն»։

  • Կիսվել: