կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայցում եմ Ձեր ներողամտությունը, շատ կոպիտ եմ արտահայտվել. իմքայլական պատգամավորը՝ Վաչագան Սարգսյանին

Հայցում եմ Ձեր ներողամտությունը, շատ կոպիտ եմ արտահայտվել. իմքայլական պատգամավորը՝ Վաչագան Սարգսյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադառնում է իր՝ նախորդ օրը արած հայտարարությանը և ներողություն խնդրում կոպիտ արտահայտվելու համար:

 

Նշենք, որ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով դասագրքերին, նշել է, որ իր կարծիքով՝ հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարանի» տեղն աղբամանն է: 

Հիշեցնենք նաև, որ Ղազարյանի հայտարարությանն անդրադարձել էր Վաչագան Սարգսյանը՝ նշելով, որ Ղազարյանը կեղծարար է, սուտ է խոսում:

 

Գրառումը՝ ստորև.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Տեսա Ձեր գրառումն ու, անկեղծ ասած, հարկ համարեցի արձագանքել մի քանի պատճառով…

Տարիներ շարունակ ամեն շաբաթ «Իններորդ հրաշալիք»-ին եմ սպասել և այն սիրով վերընթերցել…

Ձեր «Հայերենը ափի մեջ շարքի» շնորհիվ է, որ համադասարանցիներիս շրջանակում սեր արթնացրիք լեզվաբանության հանդեպ…

Պարոն Սարգսյան, Ձեր կողմից առաջ բերված փաստարկների հետ համամիտ չեմ, սակայն և չեմ հերքում, որ շատ կոպիտ եմ արտահայտվել…

Ձեր՝ ինձ ուղղված բնութագիրը շատ վիրավորական էր, սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը և վստահ եմ, որ կկարողանանք միասին քննարկել, թե գրքի այդ պատկերներում ինչն է, որ այդքան անընդունելի է իմ և փորձագիտական համայնքի մի քանի ներկայացուցիչների համար:

Պարոն Սարգսյան, տառերի ուսուցման Ձեր մեթոդը շատ լավն է, բայց իմ համեստ պատկերացմամբ այս դասագիրքն ավելի համալիր մոտեցում է պահանջում:

Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին»:

  • Կիսվել: