շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին. Փաշինյանը՝ իսրայելապաղեստինյան հակամարտության մասին

Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին. Փաշինյանը՝ իսրայելապաղեստինյան հակամարտության մասին

Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ

«Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։

Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն:

Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին»,-նշել է նա:

  • Կիսվել: