կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանը խախտում է նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունը. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանը խախտում է նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունը. Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 131-րդ նիստին հանդես է եկել ելույթով, որի ժամանակ ասել է, որ ՛՛Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ վերջ է դրվել գրեթե 30 տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությանը՛՛: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բայրամովը նիստի մասնակիցներին ասել է, որ ՛՛այդ փաստաթուղթը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի նախագահը նաև ՛՛ափսոսանքով նշել է, որ մինչ այժմ ականատես են լինում Հայաստանի կողմից նոյեմբերի 10-ի պայմանավորվածության և, ընդհանուր առմամբ, միջազգային մարդասիրական իրավունքից բխող պարտավորությունների խախտմանը՛՛։

Բայրամովը հայկական կողմին մեղադրել է ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու համար, նաև նշել է, թե Հայաստանը ՛՛հրաժարվում է տեղեկություններ հայտնել 1991-1994 թվականներին անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին՛՛:

Ադրբեջանի ԱԳ նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել ՛՛համոզել Հայաստանին՝ օգտագործել կայուն խաղաղության, տարածաշրջանային համագործակցության և զարգացման համար եզակի հնարավորությունը՝ հրաժարվելով ռևանշիստական գործունեությունից և Ադրբեջանի հանդեպ ատելությունից՛՛:

  • Կիսվել: