Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը. Հակոբ Արշակյան
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ: Այդ մասի հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի և ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է խորհրդարանական համագործակցության խորացմամբ՝ հաշվի առնելով երկու երկրների օրենսդիր մարմինների կենտրոնական դերակատարումը:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության համար՝ ընդգծելով տնտեսական զարգացման ոլորտում Ճապոնիայի մասնակցության կարևորությունը: Ընդգծվել է, որ կողմերն ունեն չօգտագործված ներուժ տնտեսական և ներդրումային կապերի, զբոսաշրջության և մարդասիրական փոխանակումների խթանման համար:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական մրցանակ է շնորհվել ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ավանդի համար:
Կողմերն անդրադարձել են նաև «Էքսպո 2025» համաշխարհային ցուցահանդեսին՝ նշելով, որ Հայաստանն իր տաղավարով ներկայացնում է երկրի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական ու զբոսաշրջային ներուժը: Այս համատեքստում կարևորվել է նաև «Թումո Գունմա» կրթական կենտրոնի գործունեությունը, որը 1500 աշակերտի հնարավորություն կտա հասանելիություն ունենալու ժամանակակից մասնագիտությունների ուսուցմանն ու զարգացող հմտություններին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին՝ շեշտելով հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման կարևորությունը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ և ակնկալում է կառուցողական մոտեցում նաև հակառակ կողմից:
Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղություն ապահովելու համար:
Հիրոյուկի Նագահաման բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Ճապոնիայում՝ այն կրթական համագործակցության խորացման և հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից համարելով կարևոր նախաձեռնություն: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել հայկական նորարարական կրթական մոդելը Ճապոնիայում ներդնելու համար:
Հիրոյուկի Նագահաման նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կա համագործակցության զգալի ներուժ և վերահաստատել տնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը: Նա նաև երախտագիտություն է հայտնել 2024 թ. երկրաշարժի ժամանակ Հայաստանի ցուցաբերած կարեկցանքի ու աջակցության պատրաստակամության համար:
Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահը տեղեկացրել է, որ «Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանական երկու պալատների կողմից՝ հույս հայտնելով, որ այն կծառայի երկկողմ ապրանքաշրջանառության աճին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն: