շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին մեղադրանքները անհիմն են. Դյուժարիկ

Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին մեղադրանքները անհիմն են. Դյուժարիկ

Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին մեղադրանքները անհիմն են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

՛՛Նրա հասցեին մեղադրանքները անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան՛՛, - ասել է Դյուժարիկը:

Նա նշել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ն ու Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարին Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր առաքելությունը Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնում, իսկ հետո կտեղափոխվի այլ վայր: Դյուժարիկը Քլարկ-Հաթինգին անվանել է բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ։

Հիշեցնենք, որ երեկ տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից։

Նշվում էր, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք նաև, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի ուշ Sputnik Արմենիային ասաց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ:

 

  • Կիսվել: