կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի․ Րաֆֆի Հովհաննիսյան

 Վտանգված են Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Մենք մտնում ենք մեզ համար ճակատագրական շրջան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«30 տարի առաջ մենք պայքարեցինք ազատության համար, որպեսզի չլինեն քաղբանտարկյալներ, կրթական համակարգը չքաղաքականացվի, դատարաններն անկախ լինեն, միանձնյա իշխանություն չլինի։ Սակայն այսօր դատավորը (Բորիս Բախշյանը) գտնվում է քաղբանտարկյալ դառնալու ռիսկի տակ այն պատճառով, որ օգնում է, որպեսզի  Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների թվում եւս կան քաղբանտարկյալներ։ Նկատվում է իշխանության գերկենտրոնացում՝ թեպետ ամեն ինչ սկսվել է ժողովրդավարության կարգախոսներից։ Շարունակվող գործընթացը վտանգավոր է Հայաստանի համար։ Հայ ժողովուրդը պետք է կանգնեցնի այդ գործընթացը։ Սա համազգային կոչ է»,- նշեց նա։ 

Հովհաննիսյանը վստահ է, որ գործող իշխանությունը, հատկապես վերջին ասուլիսներից հետո, իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդին ու նրա մոտեցումները։ «Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի։ Գործող վարչապետը երկու տարի առաջ մի բան էր ասում Արցախի հարցի վերաբերյալ, իսկ հիմա շատ հանգիստ ասում է զարմանալի բաներ, եւ ոչ ոք չի համարձակվում հակադարձել նրան»,- նկատեց նախկին արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ եթե ինքը լիներ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ապա իրենց քաղաքական ուժը կարող էր հայտնվել խորհրդարանում։ «Բայց մենք որոշեցինք չմասնակցել եւ չլեգիտիմացնել այս իշխանություններին։ Մենք կարծում էինք, որ Արցախի եւ Հայաստանի մի մասի օկուպացիայի պայմաններում անհնար է ընտրություններ անցկացնել»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: