Հայաստանում դեսպանության բացման համար աշխարհաքաղաքական նախադրյալներ են ստեղծվել. Բելգիայի դեսպան
Հայաստանում Բելգիայի դեսպանության բացման որոշակի նախադրյալներ են ստեղծվել, առաջին հերթին, տարածաշրջանում եւ աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների՝ Եվրոպային մերձենալու ցանկությունը։ Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին ասել է Հայաստանում Բելգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դը Մյունքինը։
Դեսպանության բացումը, նրա գնահատմամբ, կնպաստի նաեւ մշակութային կապերի եւ կրթության ոլորտում հարաբերությունների զարգացմանը։
«Բելգիան մտադիր է աջակցել դեմոկրատական գործընթացներին Հայաստանում։ Մեր երկիրը ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին տարածաշրջանում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ազգությամբ բելգիացի է, նա ցանկանում է իր ավանդը ներդնել այդ գործընթացում»,- ավելացրել է դիվանագետը։ Նա նշել է, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է Հայաստանին օգնություն տրամադրելու պատրաստակամությունը, այդ թվում Արցախից տեղահանվածների հարցում։
«Մենք արդեն սկսել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել, կազմակերպել ենք Բելգիայում երեք քաղաքացիների բուժումը, որոնք ծանր վիրավորվել են վառելիքի լցակայանի պայթյունի ժամանակ Ստեփանակերտում»,- ընդգծել է դեսպանը։


