շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ․ Արմեն Գրիգորյան

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ․ Արմեն Գրիգորյան

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Բնականաբար, ոչ միայն հիմա, այլև 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մենք ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում գերիների ազատման ուղղությամբ։ Սրա մասին հաճախ հրապարակային չենք խոսում, բայց այդ ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվում։ Հաճախ հրապարակային քննարկումները կարող են ոչ դրական ազդեցություն ունենալ այս գործընթացների վրա»,-նկատել է ԱԽ քարտուղարը։ 

Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Ադրբեջանից մեծ քանակությամբ գերիներ են վերադարձվել 2023 թվականի դեկտեմբերին, որից առաջ հրապարակային որևէ քննարկում գրեթե չի եղել, սակայն աշխատանքներ, իհարկե, կատարվել են, ինչի արդյունքում էլ նրանց վերադարձը հնարավոր է դարձել։

«Բոլոր գերիների ազատումն ամենօրյա օրակարգային հարց է կառավարության համար։ Մենք շարունակելու ենք աշխատել և հույս ունենք, որ նրանք հնարավորինս շուտ կվերադառնան Հայաստան»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։ 

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։ 

 

  • Կիսվել: