շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Հայաստանի հանրությունը դիմադրողականություն է ձեռք բերել  հիբրիդային պատերազմի գործիքների նկատմամբ․ ԱԽ քարտուղար

Հայաստանի հանրությունը դիմադրողականություն է ձեռք բերել հիբրիդային պատերազմի գործիքների նկատմամբ․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի դիտարկմամբ՝ հայաստանյան հանրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում խոսքի ազատություն ունենալու շնորհիվ կարողացել է հաղթահարել և դիմադրողականություն է ձեռք բերել ներքաղաքական գործընթացներում կիրառվող հիբրիդային պատերազմի գործիքների նկատմամբ։  

Այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ են արդյոք հիբրիդային պատերազմի դրսևորումներն ակտիվանալ 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում՝ ԱԽ քարտուղարը նման սցենարները չի բացառել՝ ընդգծելով, որ ընտրությունների նախաշեմին կամ ընթացքում հիբրիդային այդ գործիքները կարող են ավելի ինտենսիվանալ։ 

«Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, բնականաբար, իրականացվում է, բայց, իրականության մեջ, 2020-2021 թվականից սկսած՝ այդ հիբրիդային գործիքներն էլ ավելի ագրեսիվ էին և անվտանգության տեսանկյունից էլ ավելի մեծ սպառնալիք էին պարունակում։ Կարծում եմ, որ հիմնական գործիքներից մեկը, որն օգնել է Հայաստանին քիչ թե շատ հաղթահարել այդ սպառնալիքը, դա խոսքի ազատությունն է եղել, և հանրությունը, ունենալով ազատության հնարավորություն, կարողացել է հաղթահարել դա»,-նշել է Արմեն Գրիգորյանը։ 

Այդ գործընթացը Գրիգորյանը համեմատել է վարակի դեմ դիմադրողականություն ձեռք բերելու հետ։ Նրա խոսքով՝ հանրությունը, երբեմն, ստիպված է լինում անցնել դժվար գործընթացներով, որպեսզի ավելի ուժեղ դիմադրողականություն ձեռք բերի։ 

 

  • Կիսվել: