երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է. Փաշինյան

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է. Փաշինյան

ՀՀ-ին սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: Այս մասին կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էական փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: Այս խնդրի լուծման համար ժողովրդից վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել  հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է:

«Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ-ից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր անվտանգության ապահովման հիմնական գործոնը և կարևորեց ակտիվ արտաքին քաղաքականությունը որպես անվտանգության ապահովման հաջորդ գործոն։

«Ընդգծում ենք , որ ՀՀ–ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև կառավարության ծրագրում հայ–ռուսական ռազմավարական դաշինքին, ՀԱՊԿ–ին, Մինսկի խմբի աշխատանքներին վերաբերող շեշտադրումները։

«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը։ Տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»,–ասաց նա։

Նիկել Փաշինյանն ասաց, որ իրենց ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն և այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։

  • Կիսվել: