շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթաց գրանցելու կարևորությանը։


Տարածաշրջանային կայունության համատեքստում գոհունակությամբ է հիշատակվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու դրանում անդամ երկրների անմիջական ներգրավվածությունը։

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ ՀՀ Կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության օրակարգը հետապնդում են մեկ հստակ նպատակ՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովել կայուն, անվտանգ միջավայր։

  • Կիսվել: