հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը զինված ուժերն են. Փաշինյան

Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը զինված ուժերն են. Փաշինյան

Վերջին 1,5 տարվա ընթացքում հայկական զինված ուժերում տեղի են ունեցել հսկայական փոփոխություններ:Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է: Այստեղ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական, և՛ դիվանագիտական կոմպոնենտ կա, բայց, այնուամենայնիվ, մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը զինված ուժերն են, հայոց բանակն է, և այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հստակ փոփոխություններ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների, այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն:

«Ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ, և մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում, զինված ուժերի զարգացման բնագավառում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սպառազինությունների ձեռքբերումը պաշտպանության ոլորտում կառավարության վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը: Ըստ նրա՝ լրջագույն քայլեր են արվել զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:

«Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի: Առաջին՝ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում, և սա բնական մասն է: Բայց կա նաև երկրորդ հատվածը, որ իհարկե, մենք բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները և փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք իրենց բովանդակությամբ, կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: