կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հայաստանի անկախության հռչակման օրը Փաշինյանը հանձնեց Արցախը՝ անկախության վրա մի մեծ քար նետեց. Օհանյան

Հայաստանի անկախության հռչակման օրը Փաշինյանը հանձնեց Արցախը՝ անկախության վրա մի մեծ քար նետեց. Օհանյան

Գիտե՞ք չէ, թե ինչ օր են արցախցիները ադրբեջանցիների հետ բանակցում. այսօր Սեպտեմբերի 21-ն է և այսօր պետք է  տոնեինք մեր անկախության օրը: Այս մասին այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝  ամեն ինչ պետք է անել, որ հայ ժողովուրդն իր անկախությունը պահպանի, քանի որ այդ օրը   մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր  նահատակված հայորդիներին. «Ցավոք, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, որը սկսվել է 2018 թվականին, մենք հայտնվել ենք այս վիչճակում, Արցախը հայտնվել է այս  աղետալի վիճակում։ Խաղաղության այն թեզը, որը խաբկանք է հայ ժողովրդի համար, վարում է թուրք-ադրբեջանական տանդեմը, դա խորամանկություն է։ Նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլեւ՝ Հայաստանը, Հայաստանով միջանցք, ճանապարհ ունենալը։ Այդ խաբկանքին կուլ է գնացել Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած քաղաքականության շնորհիվ:

Մի կողմից էլ  կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է։ Գիտեք, խելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա։ Մի քիչ քիչ խելացին, սովորում է նաև իր սխալների վրա, բայց երբ մարդն անդադար սխալներ է թույլ տալիս, անհաջողությունների ու պարտությունների շարաններ են լինում նրա օրոք, դա արդեն... »,-ասաց Օհանյանը:

Նրա խոսքով, մարդ ինչքան պետք է հեռու լինի դիվանագիտություններից, երբ հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում, որտեղ պետք է լուծվի նաև Արցախի ճակատագիրը, Պրահայում ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Դրանով իսկ ասելով՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, այն խոսքերից հետո, երբ նա իր գործողությունն սկսել էր «Արցախը Հայաստան է և վերջ», առանց հասկանալու, թե ինչ է բանակցային գործընթացը, նրա որ կետում են կանգնել ՀՀ նախկին իշխանությունները, ինչպես պետք է շարունակել»,-ասաց Օհանյանը:

Օհանյանը նշեց, որ երբ բանակցությունները տապալվում են, այն ժամանակ սկսվում է պատերազմը. «Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով։ Արցախյան շարժումն է հիմք հանդիսացել, որ սեպտեմբերի 21-ին մեր անկախությունը կերտենք։ Եվ այսօր ՀՀ անկախության օրը Փաշինյանը հանձնեց Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին ու մեր անկախության վրա մի մեծ քար նետեց։ Եվ այսօր, փոխանակ մեր ժողովրդին շնորհավորենք, այսպիսի տրամադրություն ունենք»։

  • Կիսվել: