ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքում

Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքում

Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության ու դրա զարգացման հեռանկարների մասին։

Զեկուցողներն էին Լիոնի քաղաքապետի տեղակալ, միջազգային համագործակցության պատասխանատու, Ֆրանսիայի միավորված համայնքների «Հայաստան» խմբի նախագահ Սոնիա Զդորոֆցովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Ստեփանավանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նախագահ Արմեն Գրիգորյանը, Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, Օ-դը-ֆրանս ռեգիոնի խորհրդական Ժան Պոլ Մյուլոն, Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստան-Ֆրանսիա ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն։

Համաժողովն ամփոփվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի ելույթով։ Հնչեց նաև համաժողովի վերջնական հայտարարությունը։

Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ՝ 6-րդ համաժողովը կկայանա Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։

  • Կիսվել: