կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինություններ կազմակերպելու նպատակով շտաբ է ստեղծվել

«Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինություններ կազմակերպելու նպատակով շտաբ է ստեղծվել

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, «Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինություններ կազմակերպելու նպատակով շտաբ է ստեղծվել։

«Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ գործող ժամանակավոր իշխանությունը վարչական ռեսուրսի չարաշահմամբ սկսել է ճնշումներ գործադրել ուսուցիչների և դպրոցների տնօրենների վրա փաստացի ստիպելով իրականացնել քարոզչություն հօգուտ վարչապետի պաշտոնակատարի։ Նշվածն առավել հաճախ արձանագրվում է Լոռու, Շիրակի և Արարատի մարզերում: Կրկնակի դատապարտելի է, որ այս գործընթացի մեջ ներգրավում են ԱԱԾ ծառայողների. սահմանային խայտառակ վիճակը կարգավորելու և անվտանգային սպառնալիքները կանխելու փոխարեն ուժային կարևորագույն կառույցը ծառայեցվում է ապօրինի խնդիրներ լուծելու համար:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինությունների համակարգման և կազմակերպման համար նույնիսկ հատուկ շտաբ է ձևավորվել:

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք ժամանակավոր իշխանությունների ապօրինի հրահանգները կատարողներին այս խայտառակ վարքագիծը անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության եք ենթարկվելու:

Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների ուշադրությունը, չնայած որևէ դեպքի դեռ պատշաճ արձագանք չի տրվել: Կարևորում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցին ևս հետևողական լինի»:

  • Կիսվել: