Հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսի սկզբին
Հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսի սկզբին, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց ԱԺ նախագահին․ «Պաշտոնական Երևանի որևէ գերատեսչություն դեռ չի մեկնաբանել մի կարևոր հանգամանք։ Խոսքը վերաբերում է Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի այս պահի ճակատագրին։ Դիմում եմ Ազգային ժողովի նախագահությանը՝ ուղղակի միջոցներ ձեռք առնի, որպեսզի պաշտոնական մեկնաբանություն, բացատրություն լինի մեր զինծառայողների գտնվելու վայրի, պայմանների, անվտանգության հետ կապված»։
Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ուզում եմ տեղեկացնել, որ հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մարտ ամսվա սկզբին, այնպես որ անհանգստանալու խնդիր չկա։ Պաշտոնական հայտարարություն եղել է»:


