կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել. Գոռ Աբրահամյան

Հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել, որոնց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ:

«Դեպքերից երկուսը կապված են Yerkir.am լրատվական կայքի լրագրող Լիանա Սարգսյանի հետ: Մասնավորապես, մի դեպքում՝ փետրվարի 24-ին, Լիանա Սարգսյանը հաղորդում էր տվել ոստիկանությունում այն մասին, որ Ազատության հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձ խոչընդոտել են իր աշխատանքին, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն:
 
Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, երբ Լիանա Սարգսյանի ձեռքից խլել ու պատռել էին հարցադրում պարունակող պաստառը և հրել նրան:
 
Երրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Խուլյանի և Կարեն Չիլինգարյանի հետ, երբ ընդդիմության կողմից անցկացվող երթի լուսաբանման պահին հարձակվել էին նրանց վրա, խանգարել աշխատանքին, առերևույթ հարվածներ հասցրել նրանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:
 
Վերջին երկու դեպքերի վերաբերյալ տեսանյութը, հրապարակումներն ու գրառումները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության միջոցով ուղարկվել էին ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
 
Արդյունքում վերոնշյալ երեք դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ` նախաքննություն կատարելու և դեպքերի հանգամանքները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության միջոցով պարզելու նպատակով»,- գրել է Աբրահամյանը:
 
 

  • Կիսվել: