ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Քննարկումները ընթանում են շատ թափանցիկ և անկեղծ մթնոլորտում. Իրանի դեսպանը՝ Միրզոյանի Իրան այցի մասին

Քննարկումները ընթանում են շատ թափանցիկ և անկեղծ մթնոլորտում. Իրանի դեսպանը՝ Միրզոյանի Իրան այցի մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը բավականին հաջողված այց է ունեցել Իրան, և սա լավ հնարավորություն էր, որպեսզի կողմերը քննարկեն համագործակցության ոլորտում առկա հարցերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Ի լրումն այն հարցերի, որ քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակույթային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության համատեքստում, նաև երեկ տեղի ունեցավ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, ինչը ևս մեկ անգամ հնարավորություն էր, որպեսզի կողմերը քննարկեն առկա հարցերը, ինչպես նաև մատնանշեն ապագայում համագործակցության զարգացման հետագա ուղենիշները։ Ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույցը ևս կարելի է դիտարկել երկրների միջև միջազգային խորհրդակցությունների, քննարկումների համատեքստում։

Երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, ուստի նմանօրինակ քննարկումները, խորհրդակցությունները և շփումները շատ կարևոր են, քանի որ դրան ժամանակ հնարավոր է քննարկել առկա իրավիճակը, ինչպես նաև արդեն իսկ մատնանշել ճանապարհային քարտեզը հետագա համագործակցության համար։ Դա հնարավորություն է, որպեսզի կողմերը միմյանց հայտնեն իրենց տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ։

Նմանօրինակ քննարկումները ընթանում են շատ թափանցիկ և անկեղծ մթնոլորտում, և հենց այդ մթնոլորտում էլ կողմերը հետամուտ են լինում արդեն իսկ քննարկված հարցերի իրականացմանը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ շատ հազվադեպ է լինում, որ ԱԳ նախարարի այցիցի հետո մի հատ էլ հեռախոսազանգ է լինում, արդյոք եղել է մի թեմա, որն անհրաժեշտ է եղել լրացուցիչ քննարկել, դեսպանն ասաց, որ որևէ զարմանալու բան չկա այդտեղ. «Երկու կողմերը հաշվի առնելով միջազգային համագործակցության տարբեր ուղղություններ, կարիք ունեն, որ նմանօրինակ շփումները շարունակական լինեն, հաճախ լինեն։ Երբեմն լինում է, որ մեկ օրվա ընթացքում կարիք է լինում երկու անգամ շփում կամ քննարկում ունենալ։ Հայաստանի ներսում իմ ունեցած գործունեության ժամանակ, երբեմն կարիք է լինում, որ մեկ օրվա ընթացքում նույն պաշտոնյայի հետ որևէ հարցի վերաբերյալ երկու անգամ քննարկում լինի»։

  • Կիսվել: